Նորություններ

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի քննարկում

Ուշագրավ 2017-10-02

Հանրային խորհրդում տեղի ունեցած ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի քննարկմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները, ընդգծել է, որ բոլոր լեզուներն էլ պետք է ուսումնասիրել աշխարհի հետ շփման համար: «Այն, որ ռուսերենի ուսուցումը մեզ համար կարևոր է, դա կասկած չի հարցում. մենք Եվրասիական միության անդամ ենք, հազար ու մի թելերով տարբեր ոլորտներում կապված ենք Ռուսաստանի հետ, բայց ռուսերենի հայեցակարգի հետ կապված հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռուսերենն առանձնացվել մյուս օտար լեզուներից: Եթե խոսքը գնում է նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաև ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է «Լեզվի մասին» ՀՀ օրենքին ու դրա բովանդակությանը»,-իր բացման խոսքում նշել է Վ. Մանուկյանը: Նախարարը պատասխանել է բարձրացված հարցումներին նշելով, որ օտար լեզուների, այդ թվում նաև ռուսաց լեզվի ուսուցման զարգացման հրամայականը պայմանավորված է գիտության, մասնավորապես բնագիտության ոլորտում արձանագրված հետընթացով: «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են, և բոլոր օտար լեզուների համար պետք է մշակել հայեցակարգ: Օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման դեպքում որևէ ժամ հայագիտական առարկաներից չի պակասում: Կրթական ծրագրերում հայագիտական առարկաների բլոկը պաշտպանված է: Բոլոր միջազգային և տեղական փորձագետները նույն բանն են ասել. եթե ուզում եք օտար լեզուների վիճակը բարելավել, պետք է դասավանդման արմատական փոփոխություն կատարել: Ընդ որում պետք է լեզուների ուսուցման հիմքում ավելի շատ դնել, ոչ թե հաղորդակցական հմտությունենրի ուսուցումը, այլ տեխնիկական և մասնագիտական բառապաշարի զարգացումը: Երբ մենք օտար լեզուների ուսուցման ներկա վիճակը համեմատեցինք օրինակ խորհրդային ժամանակների հետ, արձանագրեցինք մի քանի կարևոր հիմնահարցեր, որոնց լուծումները մեթոդական նոր մոտեցումներ են պահանջում: Նախկինում բոլոր օտար լեզուների ժամերը կիսվում էին՝ փոքր խմբերով էր կազմակերպվում՝ առավելագույնը 10-15 հոգով: Սա առաջ է բերում լրացուցիչ դասաժամերի խնդիր և դրան մենք պետք է լուծում տանք: Մյուս խնդիրն այն է, որ մեր երեխաներն անհամեմատ ավելի բարդ վիճակում են, քան եվրոպական երկրների երեխաները, որտեղ առաջին դասարանից միանգամից երեք լեզվի ուսուցման խնդիր է դրվում: Մեր երեխաները առաջին դասարանից սովորում են մեսրոպյան այբուբենը, երկրորդ դասարանից՝ ռուսական կիրիլիցան, իսկ երրորդից՝ լատինական այբուբենը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն): Եվրոպական երկրներում ուսուցանվող լեզուները լատինական են, և դա երեխաների մոտ աշխարհընկալման և լեզվի յուրացման առումով խնդիրներ չի առաջացնում: Սա մասնագետների մոտեցումն է: Մենք գտնում ենք, որ մեզ մոտ իրատեսական է երկրորդ դասարանից մտցնել և՛ ռուսերենը, և՛ լատինական որևէ լեզու. դա էլ մենք առաջարկել ենք օտար լեզուների զարգացման հայեցակարգով: Իսկ հարցադրումը, թե ինչու են առանձին դրվել անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի հայեցակարգերը ռուսերենից, ունի հետևյալ պատասխանը. ԿԳՆ-ն նախապես մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել օտար լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի և գերմեներենի հայեցակարգը, որը բացարձակապես հանրային ուշադրության չարժանացավ: Երբ դրանից հետո քննարկման ներկայացվեց ռուսերենի հայեցակարգը, հարցն անհարկի մտավ քաղաքական տիրույթ և սկսվեցին շահարկումներ: Առանձնացված մոտեցումը մեթոդաբանությամբ է պայմանավորված. ի վերջո բուհերում ևս լեզուների ուսուցումը նույն տրամաբանության շրջանակում է կատարվում: Կան ռոմանագերմանական լեզուների, ռուսական բանասիրության և արևելագիտության ֆակուլտետներ: Վստահեցնում եմ, որ այլ տարբերություններ ներկայացված երկու հայեցակարգերում չկան»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարն ընդգծել է, որ միակ պետական լեզուն հայերենն է, և որևէ այլ լեզու չի կարող այլ կարգավիճակ ունենալ. մնացած լեզուները օտար լեզու են, և այս հայեցակարգերով ևս մեկ անգամ ամրագրվում է այդ թեզը: Օտար լեզուների ուսուցման համար սահմանվում է երկու մակարդակ՝ համընդհանուր և խորացված: Խորացված ուսուցումը կարող է կազմակերպվել մի շարք համապատասխան ուղղվածությամբ դպրոցներում: Նիստի ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է նաև Հանրային խորհրդի անդամների հարցերին: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: