Նորություններ

Դիտարկումներ կանցկացվեն Հայաստանի մի շարք դպրոցներում

Կրթական 2017-09-29

ՄԱԿ-ի կողմից ընդունված հոգեկան և ֆիզիկական առողջության ստանդարտներից օգտվելու քաղաքացիների իրավունքի ապահովումը դիտարկելու առաքելությամբ Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ կայացած հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է Հատուկ զեկուցողի առաքելությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի հասարակությունն ու հայ ընտանիքներն առանձնակի կարևորություն են տալիս երեխայի կրթության իրավունքին, որն ուղղակիորեն առնչվում է առողջության ապահովմանը: ԿԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է կրթության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության համալիր միջոցառումներ՝ այդ համատեքստում կարևորվելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզերի տարրական դասարանցիների համար իրականացվող դպրոցական սննդի ծրագիրը, որի շրջանակում էլ խնդիր է դրվել աշակերտներին ապահովել տաք սննդով: ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը հետաքրքվել է երեխաների առողջության իրավունքի հետ կապված մարտահրավերներով և ներկայացրել նախնական առաջարկներ: ԿԳ նախարարն այս խնդրի առնչությամբ տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր դպրոցներն ապահովված են բուժկետերով, ինչպես նաև կրթական համակարգում անցում է կատարվում համընդհանուր ներառականության: Այցի շրջանակում ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը դիտարկումներ կանցկացնի Հայաստանի մի շարք դպրոցներում: Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության համակարգում երեխաների ներգրավվածությանը, կրթական ծրագրերում առողջ ապրելակերպին առնչվող մի շարք այլ հարցեր: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: