Նորություններ

Ներառական կրթության հիմնախնդիրները՝ քննարկման առանցքում

Կրթական 2017-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի և Հայ օգնության ֆոնդի բարերարների ու գործադիր կազմի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է հատուկ դպրոցների մանկավարժահոգեբանական կենտրոնների վերակազմավորման խնդիրը՝ պայմանավորված համընդհանուր ներառական կրթության անցմամբ: ԿԳ նախարարի տեղակալը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին` կրթության ոլորտում իրականցված բարեգործական ծրագրերի համար և հանգամանլի ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, որի կարևոր ուղղություններից մեկն էլ համընդհանուր ներառականության անցում կատարելն է: «Մենք որդեգրել ենք համընդհանուր ներառականության քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է կրթության առանձնահատաուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին չառանձնացնել այլ երեխաներից: Ըստ ժամանակացույցի՝ Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական, որպեսզի յուրաքանչյուր երեխա իր կրթությունն ստանա բնական միջավայրում՝ իր ընտանիքին և բնակավայրին մոտ: Սա կարևոր է հանրային կյանքում այդ երեխաների հետագա ինտեգրման առումով, որպեսզի նրանք ի սկզբանե սովորեն ապրել հասարակության մեջ, իսկ հասարակությունն էլ վարժվի և ընդունի այդ երեխաներին: Մենք հասկանում ենք, որ սա շատ բարդ գործընթաց է, այդ պատճառով էլ ծրագիրն իրականացնում ենք մարզ առ մարզ»,- նշել է Դավիթ Սահակյանը: Նա նշել է նաև, որ կառավարության կողմից հաստատվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների ծրագիր, իսկ այս ուսումնական տարվանից ներդրվել է նաև նոր ինստիտուտ. դպրոցներում արդեն կան ուսուցչի օգնականներ, ովքեր պետք է աջակցեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին: Ըստ Դավիթ Սահակյանի՝ ՀՀ-ում նախատեսվում է ունենալ մի քանի հատուկ դպրոց տեսողական, լսողական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: «Նախարարությունը բաց է ցանկացած առաջարկության և գաղափարի համար, և բարեգործները, ովքեր աջակցել են դպրոցի բարեկարգմանը և արդիականացմանը նույնպես կարող են հանդես գալ տարբեր առաջարկներով»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ համատեղ քննարկումների արդյունքում ստեղծված կրթական բազան կօգտագործվի նպատակային: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: