Նորություններ

Շնոբելյան մրցանակ՝ ամենաանհեթեթ հայտնագործությունների հեղինակներին

Ուշագրավ 2017-09-26

Հարվարդի համալսարանում կայացել է Շնոբելյան 27-րդ մրցանակաբաշխությունը: Այս մրցանակը տրվում է ամենաանհեթեթ ու վստահություն չներշնչող գիտական հայտնագործությունների հեղինակներին:
Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին տրվել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար: Այս արժույթը, սակայն, 2009 թվականին հանվել է շրջանառությունից անհավանական գնաճի պատճառով: Զիմբաբվեում 50 տրիլիոնով կարելի է գնել մի բոքոն հաց: Ստորև ներկայացվում են Շնոբելյան մրցանակաբաշխության հաղթողները.
 
     Ֆիզիկա
Այս բնագավառում մրցանակն ստացել է Մարք Անթոնի Ֆարդինն, ով ապացուցել է, որ կատուները կարող են անցում կատարել 3 ագրեգատային վիճակների՝ պինդ, հեղուկ, գազային: Ըստ գիտնականի՝ կատվի՝ անոթի ձևն ընդունելու հատկությունը նրա հեղուկ վիճակն է, իսկ ծավալն ամբողջությամբ լցնելը՝ գազային:
 
     Խաղաղության մրցանակ
Այս մրցանակը տրվել է մի խումբ գիտնականների տարբեր երկրներից, ովքեր բացահայտել են խռռոցի բուժման նոր մեթոդ: Ըստ նրանց՝ եթե խռռացնողները 4 ամիս դիջերիդ (ավստրալացի աբորիգենների երաժշտական փողային գործիք) նվագեն, ապա կդադարեն խռռացնել:
 
     Հիդրոդինամիկա
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի գիտնականներն այս մրցանակն ստացել են սուրճի փոխադրման հետազոտության համար: Նրանք բացահայտել են, որ արագ քայլքի ժամանակ եփած սուրճը ավելի հարմար է տեղափոխել գինու շշի մեջ, իսկ դանդաղ քայլքի դեպքում՝ սուրճի բաժակի: Իսկ առավելագույն արդյունքի հասնելու համար կարելի է ձեռքի ափով փակել բաժակն ու տեղափոխել ետ-ետ քայլելով:
 
     Բժշկություն
Ֆրանսիացի նեյրոկենսաբանները ապացուցել են, որ մեր ուղեղում կա հատված, որը պատասխանատու է պանրի հանդեպ սիրո համար: Իսկ պանիրն ատողների մոտ առավել ակտիվ է աշխատում գորշ նյութը:
 
     Ճանաչողական գիտություններ
Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ երկվորյակների մեծամասնությունը լուսանկարների մեջ ինքն իրեն չի տարբերում:
 
     Մանկաբարձություն
Իսպանական մի խումբ էլ բավականին էքստրավագանտ հետազոտություն է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ արգանդում գտնվող երեխան առավել լավ է ընկալում երաժշտությունը, եթե այն հնչում է հեշտոցի մեջ: Ի դեպ, համապատասխան սարքավորումն արդեն արտոնագրվել է:
 
     Տնտեսություն
Ավտրալացի գիտնականներն ապացուցել են, որ կոկորդիլոսի հետ շփումն ավելացնում է մարդու մոլեռանդությունը: 
 
     Սնունդ
Այստեղ խոսքը ոչ թե մարդկանց, այլ չղջիկների մասին է: Ուսումնասիրելով դրանց մի տեսակը՝ գիտնականները հայտնաբերել են մարդու ԴՆԹ: Գիտնականները դա պայմանավորել են նրանով, որ մարդու գործունեությունը կրճատում է կենդանիների բնական արեալը և խախտում սնման շղթան: Ուստի խեղճ չղջիկներն ստիպված են լինում ուտել մարդու միս:
 
     Անատոմիա
Այստեղ «պարգևատրվել են» բոլորին հայտնի բրիտանացի գիտնականները: Այս անգամ նրանք բացատրել են, թե ինչու են ծերունիների ականջները մեծ: Ըստ նրանց՝ 30 տարեկանից հետո մարդու ականջները դարձյալ սկսում են աճել: Բայց կանանց պարագայում դա թույլ նկատելի է օբյեկտիվ պատճառներով:
 
Աղբյուրը՝ Mamul.am
 
 
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: