Նորություններ

Նախարարի անդրադարձը կրթության ոլորտի խնդիրներին

Ուշագրավ 2017-09-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը նախարարության կողմից իրականացված ծրագրերի և գործողությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։ Հաշվետու մամուլի ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձել է 12-ամյա կրթական համակարգին՝ նշելով, որ պետք է այնպես անել, որ ավագ դպրոցում երեխան ստանա արհեստ, դրան զուգահեռ կարողանա նաև աշխատել ու գումար ստանալ հենց սովորելու տարիներին։ «Երեխային, որը բարձրագույն կրթություն ստանալ չի ուզում, արհեստ սովորելու հնարավորություն է տալիս: Ավագ դպրոցում մենք գործ ունենք 17-18 տարեկան երեխայի հետ և պետք է այնպես անենք, որ նրան տանք հմտություններ ու հնարավորություն՝ արհեստ ստանալու։ Եթե երեխան չի ուզում բարձրագույն կրթություն ստանալ, ապա նրան պետք է արհեստ սովորելու հնարավորություն տրվի, այսինքն՝ այդ երկու տարին պետք է հենց այդ նպատակով օգտագործենք: Իսկ որպեսզի նաև շահագործում չլինի, պետք է կարողանանք վճարովի պրակտիկաներ կազմակերպել, հակառակ պարագայում՝ երեխան կնախընտրի աշխատել: Եթե երեխան հասկանա, որ այդ երկու տարիներին ստանում է մասնագիտություն, որի միջոցով հետագայում իր հացն է վաստակելու, նրա համար այդ տարիներն այլևս ավելորդ տարիներ չեն համարվի»,- մանրամասնել է նախարարը։ Անդրադառնալով օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման զարգացման հայեցակարգին՝ Լ. Մկրտչյանը նշել է, որ դեմ է եղել և այսօր էլ անընդունելի է համարում օտարալեզու դպրոցների ստեղծումը, քանի որ համոզված է՝ ցանկացած օտար լեզու կարելի է սովորել միմիայն մայրենի լեզվին լավ տիրապետելու դեպքում: «ՀՀ պետական լեզուն հայերենն է. սա աքսիոմատիկ ճշմարտություն է և այս հարցի հետ կապված որևէ մտավախություն մեր հասարակությունը պետք է չունենա: ՀՀ պետական լեզուն հայրենն է, իսկ մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են: ԿԳՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված հայեցակարգով ամրագրվում է, որ ռուսերենը ՀՀ-ում օտար լեզու է: Վստահեցնում եմ, որ դրա կարիքը կար, որովհետև ռուսաց լեզուն մեր երկրում կարելի է ասել որևէ կարգավիճակ չուներ, որովհետև, օրինակ մեր դիմորդները բուհական ընդունելության քննությունների ժամանակ, ռուսերենը որպես օտար լեզու չեն կարող քննություն հանձնել: Մենք նպատակ ունենք ձևավորել օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ: Մենք մտածում ենք, որ այդ կարգի դպրոցներում, բացի լեզվից կուսուցանվի նաև տվյալ լեզվով գրականության, պատմության, աշխարհագրության և երկրագիտական որոշ դասընթացներ: Դա հավասարապես վերաբերում է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին և ռուսերենին: Նույնը կլինի նաև չինարենի, հետագայում նաև մի գուցե այլ արևելյան լեզուների պարագայում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հորդորելով անհարկի չքաղաքականացնել կրթության և մշակույթի հարցերը: Նախարարն անդրադարձել է նաև դպրոցների ներառականության խնդրին՝ հիշեցնելով, որ պետք չէ դիտարկել միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին: «Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է և այսօր արևմտահայերենով դպրոց ունենալու համար փորձեր են արվում։ Նախորդ տարվա ընթացքում համընդհանուր ներառական կրթության համակարգ է ներդրվել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը։ Նշենք, որ ներկայումս հանրապետությունում ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։ Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: