Նորություններ

«Աշխարհի մեծ դասը»

Կրթական 2017-09-15

Աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է «Աշխարհի մեծ դասը»՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված նպատակներին: Օրվա առթիվ Երևանի Հերացու անվան դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: ԿԳ նախարարն անդրադարձել է «Աշխարհի մեծ դասի» ընդհանուր գաղափարին՝ նշելով, որ տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն է տվել զգալ աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն կյանքի, կենցաղի ու մտածողության վրա: «Մենք մեկ միավորի լիարժեք անդամ ենք արդեն ավելի քան 25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձևավորել իր անկախությունը: Դուք՝ աշակերտներդ, անկախության հերթական սերունդն եք, որովհետև ծնվել եք անկախ Հայաստանում և կրելու եք անկախ պետության քաղաքացիական պարտավորություններ: Սա նշանակում է՝ մենք պետք է հասկանանք և գնահատենք՝ ինչի՞ տեր ենք այսօր և ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին: Մեզ համար այս բանաձևը դեռևս 5-րդ դարում տվել է մեծ պատմահայր Խորենացին՝ ասելով՝ թեև մենք փոքր ազգ ենք, բայց մեր երկրում էլ, մեր ժողովրդի հետ էլ կատարվում են իրադարձություններ, որոնք արժանի են հիշատակման: Այսինքն՝ աշխարհում ժողովուրդները հիշվում և հիշատակվում են իրենց անցյալով, ներկայով և ապագային ուղղված նպատակադրումներով: Մենք այն ժողովուրդներից ենք, որոնք միշտ կարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարանում: Ավելի քան 7000 տարվա պատմությամբ իրավունք ունենք այս աշխարհում ունենալ մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ փոքրիկ գրադարակը»,-նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ ՄԱԿ-ը մինչև 2030թ. աշխարհի զարգացման համար տվել է 17 առաջնահերթություններ, որոնց իրագործմամբ մարդկությունն ավելի բարձր որակի կհասնի: ԿԳ նախարարը նշել է նաև, որ մենք այն ժողովուրդներից ենք, որոնք միշտ կարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարակում, և մեր՝ ավելի քան 7000 տարվա պատմությամբ իրավունք ունենք այս աշխարհում ունենալու մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ մեր փոքրիկ գրադարակը, որը պետք է լինի էությամբ համամարդկային, ինչպիսին միշտ եղել է, իսկ բովանդակությամբ՝ մերը. այսպես է նաև աշխարհը հարստանում: «Տարածաշրջանում մեկ ուրիշ ֆունկցիա էլ ունենք՝ մեր ժողովուրդը շատ է տեսել անարդարություն ու խաղաղության պակասից շատ է տուժել, ուրեմն՝ խաղաղության և արդարության հասնելու ամենաուղիղ ճանապարհը մեր ուժեղացումն է: Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ Հայաստանը շարունակի մնալ կրթության և գիտության երկիր: Բացի այդ՝ պետք է կարողանանք մեր հասարակարգը պահել ու քարի վրա քար ավելացնել»,- նշել է Լ. Մկրտչյանը: «Թվում է՝ մարդկությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան դրանց լուծում առաջարկում: Բոլորս էլ գիտենք, որ աշխարհը բարելավման կարիք ունի, սակայն պետք է հասկանանք՝ ի՞նչը պետք է բարելավվի ու ի՞նչ միջոցներով: Ուզում եմ բոլորս հասկանանք՝ աշխարհը չի կարող լավը դառնալ մի քանիսի միջոցով, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենալ դրանում»,- նշել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Միջազգային մակարդակի կրթություն. սա է ձեր ապագայի երաշխիքը՝ մեր պետականության, մեր սահմանի անսասան լինելու: Յուրաքանչյուր ժողովուրդ իր քաղաքակրթության կիզակետն է համարում պետականության ստեղծումն ու դրա պահպանումը»,- նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում այժմ բոլոր կրթական հաստատությունները միջազգայնացման ուղի են բռնել: Աշակերտները հարցեր են ուղղել հյուրերին, որոնք առավելապես վերաբերել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակին, որով սահմանվում է՝ ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ: Աղբյուրը՝ Yerkir.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: