Նորություններ

Կայացավ «Տարբերությունների քաղաք» կրթական խաղի շնորհանդեսը

Ուշագրավ 2017-09-14

Dasaran կրթական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Տարբերությունների քաղաք» կրթական խաղի շնորհանդեսը, որն ստեղծվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Dasaran կրթական ծրագրի համատեղ ուժերով: Խաղը նպատակաուղղված է օգնելու հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին լինել առավել հանդուրժող և խնդրահարույց իրավիճակներում դրսևորել ճիշտ վարքագիծ: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ դեսպանատան և Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով ընդգծեց, որ խաղը կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն է առաջացրել օգտատերերի շրջանում և այն արդեն հասցրել է խաղալ 12 հազար և ավելի մարդ: -Մենք հավատում ենք հանդուրժողականության տարածման գաղափարին և ուրախ ենք ձեզ հետ միասին հանդուրժողականությամբ լցված մի մեծ քաղաք կառուցել,-ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Սոմեր Բրայերսը: Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի Կրթության և երիտասարդության հարցերով փորձագետ Իռեն Սարգսյանը, կարևորելով երեխաների դերը խաղի ստեղծման հարցում, ընդգծեց, որ Հայաստանի դպրոցահասակ երեխաներն այս խաղի օգնությամբ կսովորեն, թե ինչպես հաղորդակցվել միմյանց հետ և կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ վարք դրսևորել: Կրթական կենտրոն այցելած մի խումբ աշակերտներ անցան «Տարբերությունների քաղաք» գունագեղ խաղի բոլոր փուլերով՝ նշելով, որ այս «թույն» քաղաքում իրենք ձեռք բերեցին հրաշալի ընկերներ, ովքեր իրենց կուղղորդեն կյանքում լինել առավել հանդուրժող և այլ աչքերով նայել աշխարհին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: