Նորություններ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կիրականացնի ՀՀ կառավարությունը

Կրթական 2017-09-11

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից և Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ազգային փուլում մինչև 2017 թվականը ներառվել էին Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի դպրոցները, իսկ այս ուսումնական տարվանից կառավարությունը ստանձնում է նաև Տավուշի մարզի 75 դպրոցների սննդի ծրագիրը: Հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ կառավարությանը փոխանցել նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը: Սեպտեմբերի 8-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ուենեցել Տավուշի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն, ՌԴ ֆինանսների նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ: Հաղարծինի միջնակարգ դպրոցում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում դոնորների հատկացրած դրամաշնրհով նորոգվել է խոհանոցը, տեղադրվել է ջրատաքացուցիչ, սպասքի լվացարաններ, սառնարաններ, սալօջախ, հացթխման վառարան և անհրաժեշտ այլ սարքավորումներ: Դպրոցի 1-4-րդ դասարաններում սովորող 191 աշակերտներն ամեն օր ստանում են տաք սնունդ, ծնողական համայնքի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական կազմում է 800 դրամ: Ըստ Լ. Մկրտչյանի՝ կառավարությունն աստիճանաբար կստանձնի բոլոր մարզերի դպրոցների սննդի ծրագրի պատասխանատվությունը՝ չբացառելով, որ հետագայում ծրագրում կներառվեն նաև մայրաքաղաքի դպրոցները, ինչպես նաև հիմնական դպրոցը: Նախարարը նշել է նաև, որ կառավարությանը փոխանցելուց հետո ՄԱԿ-ի ՊՀԾ-ն հետևում է ծրագրի իրականացման ընթացքին՝ հետևելով որակին և սահմանված չափանիշների պահպանմանը: Ծրագրի շրջանակում նորոգվում են նաև դպրոցների խոհանացները, բարեկարգվում ենթակառուցվածքները և ապահովվում սանիտարական նորմերը: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում է ըստ աշակերտի թվի, որը ներառված է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտի թվով ֆինանսավորման բանաձևի մեջ` օրական 140 դրամի չափով, որից 120-ը նախատեսված է սննդի ձեռքբերման, իսկ 20 դրամը` հարակից ծախսերի համար: Սնունդը սովորողներին տրամադրվում է ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում: 2014-2017 թվականների պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր չափը կազմել է մոտավորապես 1 մլրդ. 820 մլն. 675 հազ. դրամ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: