Նորություններ

«Ուսուցիչ» նախաձեռնությունը քննարկվեց հասարակական խորհրդի հերթական նիստում

Կրթական 2017-09-08

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում ներկայացվել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ պայմանականորեն «Ուսուցիչ» անվանումը կրող ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ, ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ապահովելու երկու հարթությունում՝ նրան արժևորելով որպես մասնագետ և հասարակության ամենաակտիվ ու նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնելու: «Բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե չկարողանանք արմատապես փոխել վերաբերմունքը մեր կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: Վստահաբար մեր երկրի ամենակազմակերպված և գիտակից հատվածը շարունակում է մնալ ուսուցչական համակազմը: Շուրջ 37 հազար ուսուցիչ այսօր կատարում է իր պարտականությունները՝ մի մասն ամբողջական նվիրումով, մի մասը` դժգոհությամբ, բայց գործի կարևորության գիտակցումով, և միայն շատ փոքրաթիվ հատվածի համար է, որ կրթության բնագավառը պարզապես աշխատատեղ է: Ուսուցիչ ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ուսերին են վերցրել սերունդ դաստիարակելու պատասխանատվությունը և ծանրությունը: Ավելին` մինչև չկարողանանք ուղիղ և հասցեական դիտարկել այս հիմնախնդիրը և գտնել համապատասխան լուծումներ, որոնք կօգնեն բարձրացնել ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ, մեր բոլոր ծրագրերը մեծ վտանգի տակ կլինեն»,- նշել է ԿԳ նախարարը: «Ուսուցիչ» ծրագրի մեջ նախարարն առանձնացրել է երեք կարևոր բաղադրիչ, որոնցից առաջինը դպրոցի կառավարման համակարգի փոփոխություններն են (կառավարման խորհուրդների ձևավորում, տնօրենի և ուսուցչի ընտրություններ): Մյուս կարևոր խնդիրը վերապատրաստումների հատվածի վերանայումն ու դասագրքաստեղծ նոր մոտեցումների ներդնումն է: Երրորդ բաղադրիչը հանրակրթության ոլորտում տղամարդ ուսուցիչների բացակայության, երիտասարդ մասնագետների համակարգ մտնելու մոտիվացիայի բացակայության խնդիրների և ցածր վարձատրության քաղաքականության վերանայումն է: Ըստ նախարարի՝ առարկայական ծրագրերն ու դասացուցակները պետք է բեռնաթափվեն և ուժեղացվեն բնագիտական ուղղվածությունն ու լեզուների ուսուցումը, իսկ առարկայախմբերի դասավանդումն ապահովվի ժամանակակից չափանիշներով: Անհրաժեշտ է վերանայել նաև 1-4 աստիճանի տարակարգերի համակարգ, որն արդյունավետ չէ: «Տարակարգի համապատասխան աստիճանների համար սահմանված հավելավճարներն այնքան չնչին են, որ տարակարգի առկայությունը լավագույն դեպքում լուծում է ինչ-որ հավակնության, ոչ թե վարձատրության հարց: Ունենք նաև Արարատյան բակալավրիատի ծրագիրը, որը միջազգային չափանիշներին համարժեք նշաձող է սահմանում՝ բոլոր իմաստներով: Այսինքն՝ մենք սահմանել ենք բարձր շեմ, որի ներքևի հատվածում կան 60-120 հազար դրամով վարձատրվող ուսուցիչների մեծ խումբ, որը ավելի լավ աշխատելու մոտիվացիա չունի: Մենք պետք է տարակարգերի համակարգն ավելի ճկուն և հասանելի դարձնենք: Նույն ծանրաբեռնվածությամբ և նույն մասնագիտությամբ ուսուցիչները չեն կարող տարբեր աշխատավարձ ստանալ միայն այն պատճառով, որ մի տեղ աշակերտների թիվը շատ է, մեկ այլ տեղ` քիչ: Հետևաբար, կարիք կա արմատապես փոխել ֆինանսավորման բանաձևը, որով կոնկրետ կգնահատենք մեկ դրույք բազային արժեքը: Եվ անկախ այն հանգամանքից, թե դասարանում քանի աշակերտ է, եթե ուսուցիչն այդ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, ուրեմն նա պետք է ստանա առնվազն բազային արժեքը: Ուսուցիչը պետք է հստակ հասկանա, թե ինչ սկզբունքով է աշխատում վարձատրության համակարգը, հետևաբար մենք պարտավոր ենք տարիֆիկացիաները մոտեցնել աշխատավարձերի քաղաքականությանը: Ուսուցիչը պետք է իր գործունեության ընթացքում ստանա կատարելագործման մոտիվացիա, այն է` որոշակի չափանիշներ ապահովելուց հետո տարիներ չսպասի` տարակարգը փոխելու և չնչին հավելավճար ստանալու համար, այլ համոզված լինի, որ ունի աշխատանքային առաջընթացի ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական խրախուսման մեթոդոլոգիա: Մենք պարտավոր ենք ընդլայնել նաև ուսուցչին տրամադրվող սոցիալական երաշխիքները: Օրինակ, այս համատեքստում դիտարկում ենք սահմանամերձ գոտու ուսուցիչներին ապահովագրական այլ փաթեթի տրամադրում, երիտասարդ ուսուցիչների խրախուսում, կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին մարզերում աշխատելու առաջարկ, ուսուցիչների տների վերականգնում, հողահատկացում. այսինքն` ճկուն սոցիալական փաթեթ, որը կօգնի ուսուցչի մասնագիտությունը դարձնել առավել հրապուրիչ: Չի կարող կրթության որակի պահանջ դրվել, եթե չհստակեցնենք ուսուցչին առաջարկվող սոցիալական փաթեթը և չմոտիվացնենք երիտասարդ մասնագետին»,- նշել է նախարարը: Նիստի ավարտին նախարարն առաջարկել է նախարարություն ներկայացնել առաջարկներ, որոնք կարող են նպաստել ծրագրի բարելավմանը: Առաջիկայում նախատեսված են նաև հանրային լայն քննարկումներ նախաձեռնության վերաբերյալ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: