Նորություններ

Դպրոց չհաճախող երեխաների հայտնաբերման էլեկտրոնային համակարգ Հայաստանում

Ուշագրավ 2017-09-07

Ամբողջ աշխարհում դպրոցական տարիքի երեխաների 11.5 տոկոսը կամ 123 միլիոնը կրթություն չի ստանում: Աշխարհի ամենաաղքատ երկրներում և հակամարտության գոտիներում ապրող երեխաներն առավել շատ են տուժում: Դպրոց չհաճախող 123 միլիոն երեխաների 40 տոկոսը բնակվում են պակաս զարգացած երկրներում, իսկ 20 տոկոսը՝ հակամարտության գոտիներում: 2014 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Լոռու մարզում փորձնական ծրագիր է իրականացրել, որի արդյունքում միայն այս մարզում բացահայտվել էր դպրոց չհաճախող 228 երեխա: Ամենամեծ խումբը կազմել էին 6-8 տարեկան երեխաները, ովքեր դեռևս չէին ընդունվել առաջին դասարան. ևս 16 երեխա՝ 9-16 տարիքային խմբում նույնպես չէին ընդունվել և չէին հաճախում դպրոց: Երեխաների որոշ մասը կրթություն չի ստանում մի շարք համալիր և մասնակի համընկնող գործոնների պատճառով: Դպրոցներց դուրս մնացած կամ դուրս մնալու վտանգի տակ գտնվող երեխաների բացահայտման կամ վաղ ազդարարման համակարգ ներդնելու նպատակով որոշում է կայացվել կիրառելու դպրոցների տեղեկատվական բազայի հնարավորությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների առաջարկով և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ԿՏԱԿ-ին առաջարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծել դպրոց չհաճախող երեխաների հայտնաբերման և արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել բացակայությունների մշտադիտարկում, ժամանակին ազդարարել դպրոց չհաճախող երեխաների մասին: Համակարգը ստեղծվել է 2016 թվականին դպրոց չհաճախող երեխաներին բացահայտելու և դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին ինտեգրված և կայուն մոտեցմամբ արձագանքելու նպատակով: Զուգահեռաբար ԿԳՆ-ն իրականացնում է տեղեկատվական միջոցառումներ ամբողջ հանրապետությունում: Մշակման փուլում է պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և ուղղորդման կարգը, որը նախատեսվում է ներկայացնել կառավարության հաստատամանը 2017 թվականի նոյեմբերին: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: