Նորություններ

Գրաբարի շտեմարան՝ աշակերտների համար

Կրթական 2017-09-06

Օրերս կայացել է «Գրաբարի շտեմարան» ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը,մի շարք դպրոցների տնօրեններ և գրաբարի օլիմպիադային մասնակից դպրոցականներ: ԿԳ նախարարը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով եկեղեցու դերակատարությունն ու հոգատարությունը կրթության, մասնավորապես՝ հայագիտական կրթության նկատմամբ: «Մենք ունենալու ենք խորացված հայագիտական դպրոցներ, որտեղ սովորող երեխաները հետագայում կարող են բուհերում հայագիտական կրթության ուղղությամբ մասնագիտանալ՝ բանասիրություն, պատմություն, ազգագրություն և հայագիտություն:Մեր լեզվի լավագույն ուսուցիչները գտնում են, որ հայերենի ուսուցման բարձր արդյունքի համար պետք է ամուր հիմքեր դնել դպրոցում և այդ առումով գրաբարի շտեմարանի հրատարակումը շատ կարևոր բաց է լրացնում: Մենք գտնում ենք, որ հայերենի ուսուցիչների վերապատրաստման մեջ անպայման պետք է ներառել գրաբարի իմացության բաղադրիչ. հայերենի ուսուցիչը պարտավոր է իմանալ մեր ոսկեղենիկ հայերենը՝ իր անցյալով, որպեսզի կարողանա հետաքրքիր դարձնել նաև լեզվի ներկա փուլի դասավանդումը»,- նշել է նախարարը: Լ. Մկրտչյանը նշել է նաև, որ նախարարությունը կրթական տարբեր ծրագրերով համագործակցում է եկեղեցու հետ, մասնավորապես՝ ճեմարանական կրթությունը ասպիրանտական կրթության ճանապարհով զարգացնելու ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ գրաբարի դասընթացը դպրոցներում չի կարող համընդհանուր լինել. այն կամընտրական ձևով դասավանդվում է միայն հումանիտար հոսքերում այն աշակերտների համար, ովքեր հին հայերենը սովորելու ցանկություն ունեն: «Գրաբարի շտեմարան» ժողովածուն տպագրվել է Երևանի ավագ և հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: