Նորություններ

Հայ-իրաքյան համագործակցությունը՝ հանդիպման առանցքում

Կրթական 2017-08-31

Հայաստանում է գտնվում Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է կրթության և գիտության ոլորտներում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապերի հնարավոր օպտիմալ մոդելների մշակմանը: Նախարարը նշել է, որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը Բոլոնյան գործընթացի ակտիվ մասնակից է և այժմ պատրաստվում է անցնել եվրոպական չափանիշներին համապատասխան ծրագրային հավատարմագրման: Լևոն Մկրտչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Իրաքի հետ համագործակցության՝ կրթաթոշակների տրամադրման, ուսանողների փոխանակման գործընթացը կապահովվի երկու պետությունների կրթության նախարարությունների երաշխավորագրերի առկայությամբ: ԿԳ նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը «Հորիզոն 2020» եվրոպական գիտական ծրագրի լիիրավ անդամ է, ինչը հնարավորություններ է ստեղծում համատեղ գիտական նախագծերի իրականացման համար և հույս հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-իրաքյան կրթական և գիտական հարաբերությունները, որոնք կարձանագրվեն համագործակցության հուշագրով: Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսան շնորհակալություն է հայտնել նախարար Մկրտչյանին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման համատեքստում կրթության ոլորտում լայն համագործակցության հնարավորությունը: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես բժշկական և ինժեներական մասնագիտությունների նկատմամբ, շեշտել համագործակցության հնարավորությունները բնական գիտությունների մասով: Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-26-ը Երևանում: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: