Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցություններ Արցախում

Կրթական 2017-08-28

Նոր ուսումնական տարվան ընդառաջ խորհրդակցություններ են անցկացվել նաև Արցախում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացվել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել «Ուսուցիչ» նախաձեռնությանը: Նախարարը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտի բարեփոխումները թևակոխել են նոր փուլ, ուստի շատ կարևոր է, որ հայկական երկու հանրապետությունների կրթության պատասխանատուները կարողանան դիմակայել կրթության համակարգի առջև կանգնած մարտահրվերներին և միասնական տեսակետ ձևավորեն կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Անկախության առաջին օրերից ձևավորվել է ազգային կրթական համակարգ, և բարեփոխումները կրել են շարունակական բնույթ: Արդյունքում` ձևավորվել է աշխարհի համար չափելի, ընկալելի և հասկանալի կրթական համակարգ: Նա նշել է նաև, որ Հայաստանի կրթական ոլորտն ակտիվորեն ներառված է միջազգային կրթական տարածքում, մասնավորապես՝ եվրոպական քաղաքակրթական համակարգում, որի մեջ են մտնում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանում հանրակրթությունը 12-ամյա է, և ներդրված են չափորոշիչներ, որոնցով այսօր առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը: Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է Կրթության զարգացման պետական ծրագրի մասին (մինչև 2030 թվական), որն ամբողջությամբ կարգավորելու է կրթության ոլորտի զարգացման հեռանկարները: Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե արմատապես չփոխվի վերաբերմունքը կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: «Անհրաժեշտ է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն երկու հարթությունում՝ ուսուցիչն իբրև մասնագետ և որպես մեր հասարակության ամենաակտիվ և նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության կրթության համակարգում առկա հիմնախնդիրները: Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախի կրթական համակարգը դեռևս չի անցնել 12-ամյա պարտադիր կրթության և գործում է դպրոցների ֆինանսավորման բազային բանաձևը: Ըստ Սլավիկ Ասրյանի` Արցախում գործում է ընդամենը մեկ ավագ դպրոց, որի առջև էլ խնդիր է դրված հասնելու Արարատյան բակալավրիատի մակարդակի: Արցախի կրթության նախարարը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում հետզհետե ակտիվանում է օլիմպիական շարժումը, որի շնորհիվ Արցախի դպրոցականները տարբեր առարկաների Հայաստանի հանրապետական օլիմպիադներում արժանացել են 40 մրցանակների և գովասանագրերի: Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել Ասկերանի շրջանի Իվանյանի, Սարուշենի, Նախիջևանիկի, Բերքաձորի, Ավետարանոցի գյուղերի դպրոցների ներկայացուցիչները: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի օգոստոսյան խորհրդակցությունների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: