Նորություններ

Փոփոխություններ քննական համակարգում

Կրթական 2017-08-25

2018 թվականի ընդունելության փուլում նախատեսվում են մի շարք փոփոխություններ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննական համակարգում: Միասնական քննության ժամանակ կգործի մասնագիտական կողմնորոշման հայտագրման նոր կարգ. եթե մինչև այժմ դիմորդը հայտում նշել է միանգամից 8 մասնագիտություն, ապա այսուհետ նա կնշի միայն մեկը՝ հետագայում երկրորդ անգամ հայտ լրացնելու հնարավորությամբ: «Դիմորդներն առաջին հայտով կնշեն կոնկրետ մասնագիտություն, որտեղ իրենք անպայման ցանկանում են ընդունվել: Քննություններից հետո մրցույթը կկատարվի նախ այդ մասնագիտության գծով (անվճար և վճարովի), դրանից հետո հայտնի կդառնան առաջացած թափուր տեղերը, չընդունված դիմորդներն էլ, որոնք արդեն կունենան գնահատականներ, կանցնեն երկրորդ մասնագիտական կողմնորոշումը, թե ինչ թափուր տեղերում նորից ինչ հայտագրում են ուզում անել»,- նշել է ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը: Չի բացառվում, որ հայտագրման երկրորդ փուլում դիմորդին հնարավորություն տրվի նշելու երեք կամ չորս բաժին: Արա Իսպիրյանը նշել է, որ Երևանի Ավետիք Իսահակյանի անվան ավագ դպրոցում, որի տարածքը օպտիմալացման գործընթացի արդյունքում փոխանցվում է ԳԹԿ-ին, ձևավորվելու է քննական կենտրոն, որպեսզի տարվա ընթացքում բուհի ընդունելության քննություններ կազմակերպվեն ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: «Մենք առաջարկում ենք անընդհատ քննություն մտցնելու գաղափարը: Դիմորդներին առաջարկելու ենք՝ եթե համարում են, որ իրենք պատրաստ են միասնական քննությանը, ապա ցանկացած ժամանակ հայտագրվեն, և քանի դիմորդ հայտագրված լինի, հրավիրենք մեզ մոտ, քննություն հանձնեն: Եթե այդ արդյունքները դիմորդին չեն բավարարի, ենթադրենք երեք ամիս հետո նա կարող է վերահանձնել: Այսինքն՝ կունենանք քննական կենտրոն, որտեղ կարող է յուրաքանյուր ամիս անցկացվել քննություն»,- տեղեկացրել է Ա. Իսպիրյանը: ԳԹԿ տնօրենը նշել է նաև, որ այդ սկզբունքը գործելու է նաև դպրոցի ավարտական քննությունների պարագայում. եթե երեխան կարծում է, որ ինքը պատրաստ է տվյալ ծրագրին, կարող է դիմել ժամկետից շուտ քննություն հանձնելու համար: Փոփոխությունների վերաբերյալ նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերին և կներկայացվի կառավարության հաստատմանը քննարկման դրվելուց և անհրաժեշտության դեպքում որոշակի շտկումներ արվելուց հետո: Աղբյուրը՝ Armtimes.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: