Նորություններ

Շառլ Ազնավուրի պատվո աստղը՝ Հոլիվուդի Փառքի պուրակում

Ուշագրավ 2017-08-25

Հոլիվուդի Փառքի պուրակում 2618-րդ պատվո աստղը շնորհվել է լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրին։ 93-ամյա մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է: Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 1998 թվականին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվել է «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան: Ազնավուրի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամը կներկայացնի հիմնադրամի առաքելությունն ու առաջին նախագիծը՝ Ազնավուր ինտերակտիվ թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնումը: Շառլ Ազնավուրն ու որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայտարարել էին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի հիմնական առաքելությունն է կրթական, սոցիալական և մշակութային նախագծերի իրականացումը։ Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: «Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումը, ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդի ունեցած բոլոր մարտահրավերներից՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին»,- նշել է Նիկոլա Ազնավուրը: «Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև թանգարան ստեղծել Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք Հայաստանի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում»,-ասել է Շառլ Ազնավուրը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: