Նորություններ

Որոշ դպրոցներ կվերակազմակերպվեն

Կրթական 2017-08-24

Կառավարության կողմից ընդունված որոշումների համաձայն՝ մի շարք դպրոցներ կվերակազմակերպվեն: Որոշումներն ընդունվել են դպրոցների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Մասնավորապես՝ նախատեսվում է վերակազմակերպել Վ. Դավթյանի անվան թիվ 149, Գ. Զոհրապի անվան թիվ 43, Արթիկի թիվ 7 ավագ դպրոցները, Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը, Գյումրու «Բալատոն» ավագ, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցները և այլ հաստատություններ: Վերակազմակերպման արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով օպտիմալացման գործընթացին՝ նշել է. «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ունենք շատ մեծ տատանում մի աշակերտի ծախսի վերաբերյալ: Պարզվել է նաև, որ դպրոցների զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը շատ խիստ տարբերվում են: Այդ պարագայում հաստատուն ծախսերը՝ տաքացման և այլն, կտրուկ աճում են, իսկ կրթության որակը դրանից չի շահում: Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը»: Ըստ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ գործընթացի արդյունքում ազատված շենքերն ու տարածքները հիմնականում օգտագործվելու են կրթագիտական նպատակների համար: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: