Նորություններ

12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր

Կրթական 2017-08-11

Հայաստանում 12-ամյա կրթությունը սեպտեմբերից կդառնա պարտադիր: 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ 12-ամյա պարտադիր կրթության անցման պարագայում կարող են կրթությունից դուրս մնացած երեխաների հետ կապված որոշակի խնդիրներ առաջանալ: Ըստ նրա՝ որոշ ծնողներ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ պատճառաբանելով, որ նա դեռ փոքր է, պետք է մեկ տարի էլ սպասել, կամ սոցիալական խնդիրների պատճառով երեխաները մնում են տանը՝ զրկվելով կրթություն ստանալու իրավունքից։ Հրավիրված մամուլի ասուլիսի բանախոս, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ պարտադիր 12-ամյա կրթությանը զուգահեռ այս ուսումնական տարվանից Լոռու մարզում ներդրվելու է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և արագ արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հաջորդ տարի նախատեսվում է գործարկել ամբողջ հանրապետությունում: Համակարգը մշակել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Ըստ Արտակ Պողոսյանի՝ համակարգը հնարավորություն կտա պարզելու, թե քանի երեխա և ինչ պատճառներով է դուրս մնացել կրթությունից և կազմակերպել նրանց վերադարձը դպրոց: Սեպտեմբերի 10-ից հետո, երբ բոլոր դպրոցները կտրամադրեն առաջին դասարան հաճախած աշակերտների տվյալները, համակարգը կհամադրի և կպարզի, թե 2011թ. ծնված երեխաների քանի տոկոսն է մուտք գործել դպրոց: Այն հնարավորություն կտա հետևել ցանկացած երեխայի, և դեպքը վարողները կկարողանան զբաղվել նրանց խնդիրներով: Համակարգի մեկ այլ բաղադրիչ վերաբերում է դպրոցից դուրս մնալու ռիսկին ենթակա երեխաներին, ովքեր ուսումնական տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը: Այս նպատակով ԿԳՆ-ն կհամագործակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, մարզպետարանների և ոստիկանության հետ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշել է, որ 2015-16 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթությունից դուրս մնացած երեխաների (որոնք գոնե մեկ անգամ հաճախել են դպրոց) թիվը մոտ 300 է, որը մեկ տոկոսից քիչ է կազմում։ Նա նաև ընդգծել է, որ առաջին դասարան պետք է հաճախեն բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև դեկտեմբերի 31-ը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: