Նորություններ

Մեկնարկել է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը

Կրթական 2017-08-03

Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում մեկնարկել է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը: Հայաստանի ու Արցախի՝ կրթության ոլորտի մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ կազմակերպված ամառային դպրոցին մասնակցում է Մարտունի քաղաքի, Գիշիի և հարակից գյուղերի 10-15 տարեկան 125 աշակերտ: Ըստ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի՝ այս ամառային դպրոցը լուրջ խթան կհանդիսանա կրթական մակարդակի բարձրացման ու մասնագիտական կողմնորոշման առումով: «Ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների կողմից. երեխաների հետ կաշխատեն Հայաստանից և Արցախից հրավիրված լավագույն մանկավարժները, ովքեր իրենց փորձով կկիսվեն նաև տեղի ուսուցիչների հետ»,-նշել է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը: Ամառային դպրոցի ուսումնաժամանցային ծրագրի հիմնական նպատակն է ժամանցային և կրթական բաղադրիչների միջոցով զարգացնել երեխաների հետազոտական, ստեղծագործական համագործակցության հմտությունները, ինչպես նաև ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառմամբ, հետազոտական, հետաքրքրաշարժ ու զվարճալի առաջադրանքների միջոցով ամրապնդել և խորացնել մասնակիցների գիտելիքները ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և արվեստի ու պատմության բնագավառներում։ Կրթական մասը կառուցված է STEM (Science, Technology, Engineerig, Math) կրթության մոտեցումների հիման վրա: Մեծ ուշադրություն կդարձվի նաև հայ ժողովրդի պատմության ու հայ եկեղեցու պատմության ուսուցանմանը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: