Նորություններ

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամփոփում

Կրթական 2017-07-29

Ամփոփվել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը: Այս ամենամյա ծրագրի նպատակն է սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող մանկավարժներին աջակցել մասնագիտական որակավորման բարձրացման հարցում: Այս տարի ծրագրին մասնակցել է 62 սփյուռքահայ ուսուցիչ՝ 17 պետություններից (ԱՄՆ, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա, Իրան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հորդանան, Շվեդիա, Ռոսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա): Վերապատրաստումն իրականացվել է վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև առաջին անգամ գործել է փոքր խումբ` արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար: Առավել մեծ թիվ են կազմել հայոց լեզվի և գրականության ուսուցիչներները (16 հոգի), ինչպես նաև ավանդական մեկօրյա դպրոցների և տարրական ուսուցման մանկավարժները (12 հոգի): «Կրթության բնագավառում Սփյուռք-Հայաստան ներուժի ամրապնդումն ունի կարևոր նշանակություն Հայաստանից դուրս հայեցի կրթության կազմակերպման գործի առումով: Վերապատրաստման ծրագրի ընթացքում ուսուցիչները բարձրացրել են տարբեր խնդիրներ, ներկայացրել են առաջարկություններ, որոնք կարող են նպաստել ծրագրի զարգացմանը և վերապատրաստման նոր դասընթացների կազմմանը»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Ըստ Ա. Պապոյանի՝ վերապատրաստման ծրագրի ձևաչափում այս տարի նորություն է եղել. հրավիրվել են օտարազգի ուսանողներ, ովքեր ցանկություն են հայտնել աշխատելու արտերկրում գործող հայկական դպրոցներում և հետաքրքրված են հայոց լեզվով ու հայկական մշակույթով: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: