Նորություններ

Նոր ուսումնական տարվա պատշաճ մեկնարկի ապահովում

Կրթական 2017-07-28

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին հանձնարարել է մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումն ու ավարտը, աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում: Վարչապետը հանձնարարել է նաև միջոցներ ձեռնարկել հանրապետության սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների ուսումնական հաստատությունները մասնագիտական առարկաների մանկավարժներով համալրելու համար: Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին՝ նշել է, որ հուլիսի 25-ին տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, և կա երկու հանձնարարական Կրթության և գիտության նախարարությանը ՀՀ նախագահից: «Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը»,-նշել է Վիգեն Սարգսյանը։ Ըստ նրա՝ երկու հանձնարարականի վերաբերյալ էլ ԿԳ նախարարի տեղակալը նախորդ նիստում զեկուցել է, որ պատրաստ են, բայց դրանց համար անհրաժեշտ են կառավարության որոշումներ: «Ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի 1-ը, դասագրքերի առումով անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով: Եթե դեմ չեք, ձեր հանձնարարականի մեջ դա էլ ներառվի»,-կարևորել է պաշտպանության նախարարը: «Շատ լավ»,-արձագանքել է Կարեն Կարապետյանը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: