Նորություններ

Ամփոփվել է անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիրը

Կրթական 2017-07-25

«Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի ամառային ավարտական ճամբարի ընթացքում 102 մասնակիցները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրենց անցած ճանապարհը և ստացել ավարտական վկայականներ։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) միջև համագործակցության անգլերեն լեզվի դասավանդման ծրագրերի շրջանակում և շարունակական բնույթ է կրում: Համագործակցության նպատակն է խրախուսել անգլերենի ուսուցումը Հայաստանի գյուղական համայնքներում, ինչպես նաև խրախուսել երիտասարդներին՝ մասնակցելու իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործին: Սա համագրծակցության երրորդ փուլն է, որին մասնակցել է Հայաստանի 3 մարզի 100-ից ավելի դպրոցական։ Ծրագրի անբաժանելի մասն են կազմում նաև լեզվի ուսուցմանը նպաստող լրացուցիչ միջոցառումները, այդ թվում՝ անգլերենի ամառային ճամբարները: 2015-2017 թթ. ծրագիրն իրագործվել է Արագածավան (Արագածոտնի մարզ), Հացիկ (Արմավիրի մարզ), Թումանյան, Աքորի և Դեբետ (Լոռու մարզ) համայնքներում։ Անգլերենից համապարփակ գիտելիք ստանալուն զուգահեռ «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի մասնակիցները հմտություններ են ձեռք բերում երեք այլ հիմնական ուղղություններով՝ ԱՄՆ մշակույթ և ժողովրդավարական արժեքներ, անձնային աճ, համայնքային ծառայություն: Ծրագրի շրջանակում կարևորվում է նաև տեղական մասնագետների կարողությունների զարգացումը. գյուղի ուսուցիչներն ընդգրկվում են ծրագրում՝ որպես «Աքսես» ծրագրի դասավանդողների օգնականներ: Գյուղաբնակ երիտասարդները դրսևորում են իրենց սովորածը և հանդես գալիս ելույթներով ու ներկայացումներով, ցուցադրում իրենց տաղանդն ու ընկերանում մյուս համայնքների իրենց տարեկիցների հետ։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: