Նորություններ

Բարեփոխումների ծրագրի նախագիծը՝ քննարկման առանցքում

Կրթական 2017-07-20

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն այսօր ՄԿՈՒ ոլորտի մասնագետներին և շահագրգիռ կողմերին ներկայացրել է «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, գործատու կազմակերպությունների, Արհմիությունների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, միջազգային փորձագետներ և դոնոր կազմակերպությունների ղեկավարներ: Ըստ ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի՝ 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նպատակադրումները, ՀՀ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագիրը, մինչև 2030 թ. Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախները, Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում իրականացվող ծրագրի դրույթները, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները: Նա նշել է, որ անհրաժեշտ է էականորեն բարձրացնել նախնական և միջին մասնագիտական կրթության որակը, կառավարման համակարգի արդյունավետությունը, հզորացնել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, արդիականացնել բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին, բարձրացնել նշված ոլորտի ծախսային արդյունավետությունը, ինչպես նաև երկխոսությունը սոցիալական գործընկերների հետ: Անդրադարձ է եղել նաև բարեփոխումների հիմնական ծրագրային ուղղություններին՝ կառուցվածքային-բովանդակային բարեփոխում, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր միջոցների և մոդելների մշակում, գիտելիքների գնահատման վերահսկման ձևերի բարելավում, կրթական վեբ տեխնոլոգիաների ներդրում, ՄԿՈՒ համակարգի միջազգայնացում, երիտասարդության զբաղվածության և ձեռներեցային գործունեության խթանում և այլն: Նշվել է նաև ծրագրի իրականացման ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված քայլերի, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին: Քննարկումներն ընթացել են ձևավորված աշխատանքային խմբերում. մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ծրագրի վերաբերյալ: Նախատեսվում է նաև գործառնական պլանի մշակում և բարեփոխումների ծրագրի գնահատում աշխատանքային խմբերում: Նշենք նաև, որ «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը դրվել է հանրային քննարկման: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: