Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին

Սպորտ 2017-07-20

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը UNITERRUPTED-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է երկրպագուների հարցերին:
 
Աշխարհի տարբեր անկյուններից Հենրիխին ուղղված հարյուրավոր հարցերից ամենահետաքրքիրներին նա պատասխանել է ուղիղ եթերում.
 
-Կա՞ ինչ-որ բան, որևէ սնահավատություն, որ անպայման անում ես խաղերից առաջ:
-Չկա որևէ բան, որ անում եմ: Պարզապես փորձում եմ կենտրոնանալ ինձ և առաջիկա խաղի վրա:
 
-Եթե չլինեիր ֆուտբոլիստ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:
-Միգուցե իրավաբան կլինեի: Չգիտեմ` ինչու: Երբ տեսնում եմ նրանց կոստյումներով, մտածում եմ` դա ինձ էլ գուցե կսազեր:
 
-Ո՞ր ֆուտբոլիստին ես միշտ ցանկացել նմանվել:
-Իմ կուռքը միշտ եղել է Զինեդին Զիդանը: Միշտ հետևել եմ նրան, շատ բաներ եմ սովորել: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել: Անձամբ չեմ ճանաչում նրան, շփում չունեմ, բայց շուտով կմրցենք «Ռեալ»-ի հետ Սան Խոսեում, իսկ արդեն օգոստոսի 18-ին Մակեդոնիայում կհանդիպենք նրանց ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի խաղում:
 
-Ի՞նչ զգացողություններ ունես եվրոպական մրցաշարերում Հայաստանը ներկայացնելիս:
-Ես միշտ երազել եմ խաղալ աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, ինչը հիմա անում եմ և շատ հպարտ եմ: Երբեք չէի մտածի, որ կհասնեմ այս մակարդակին, բայց դրա համար մշտապես քրտնաջան աշխատել եմ: Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ներկայացնել Հայաստանն այս մակարդակում, քանի որ դա շատ կարևոր է իմ երկրի համար: Փորձում եմ բարձր պահել իմ երկրի անունը: Փորձում եմ անել ինձնից կախված ամեն ինչ: 
 
-Կալիֆորնիայում շատ են հայերը: Ի՞նչ զգացողություններ ունես նրանց առջև խաղալիս:
-Այո, մենք այստեղ մեծ հայկական համայնք ունենք: «Լոս Անջելես Գելեքսի»-ի հետ խաղում մեծ թվով հայեր էին աջակցում մեզ: Եվ երբ ինձ հարցրին, թե ինչպես եմ ինձ զգում, ասացի, որ եթե Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, ապա Լոս Անջելեսը մեր երկրորդ մայրաքաղաքն է:
 
 -Բացի «Օլդ Թրաֆորդ»-ից, ո՞րն է քեզ համար ամենասիրելի մարզադաշտը, որտեղ խաղացել ես:
-Կարծում եմ` եվրոպական լավագույն մարզադաշտից մեկը, որում ես խաղացել եմ, Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզադաշտն էր` «Սիգնալ Իդունա Պարկ»-ը: Այն պարզապես հիանալի էր` սքանչելի աջակցությամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ 3 տարի այդ ակումբի մասն եմ կազմել:
 
-Ո՞րն է քո իմացած ամենաբարդ լեզուն և առհասարակ ո՞ր լեզուներին ես տիրապետում:
-Տիրապետում եմ հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, նաև մի փոքր՝ պորտուգալերենին և գերմաներենին: Ո՞րն է ամենաբարդը. եթե մի կողմ թողնենք հայերենը, ապա կարծում եմ` գերմաներենն է ամենաբարդը:
 
-Ինչպե՞ս ես սովորել այդ բոլոր լեզուները:
-Դե, հայերենն իմ մայրենի լեզուն է: Ռուսերեն սովորել եմ դպրոցում ու նաև սովորել եմ տատիկիցս` մայրիկիս կողմից, որը ռուս էր: Ֆրանսերեն սովորել եմ Ֆրանսիայում ապրելուս տարիներին: Անգելերեն սովորել եմ դպրոցում ու նաև մարդկանց հետ շատ շփումով: Գերմաներեն սովորել եմ ինքնուրույն, երբ խաղում էի Գերմանիայում: Իսկ պորտուգալերեն սովորել եմ Բրազիլայում` 4-ամսյա պրակտիկայիս ընթացքում, որտեղ նաև դպրոց եմ հաճախել:
 
-Ո՞վ է քո լավագույն ընկերը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, և ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:
-Չեմ կարող առանձնացնել կոնկրետ մեկին: Բոլորի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ: Փորձում ենք միշտ միասին լինել: Թիմն  ընտանիքի պես է, ու դու չես կարող ընտանիքից որևէ մեկին առանձնացնել: Ոչ միայն թիմակիցների, այլև ամբողջ անձնակազմի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: 
 
-Կարո՞ղ ենք քեզանից ևս մեկ «կարիճ հարված» ակնկալել հաջորդ մրցաշրջանում:
-Ես այս մրցաշրջանում էլ չէի ակնկալում նման հարված (ծիծաղում է): Այդպիսի հարվածներն ինքնստինքյան են լինում, չես կարող դրանք պլանավորել: Պետք է պարզապես զգաս պահն ու հարվածես: Չէի կարող պատկերացնել, որ այդպիսի գոլ կխփեմ: Մեկ պահ ու ինքս ինձ ասացի, որ պետք է կրունկով հարվածեմ. ուրիշ ոչինչ չէի կարող անել: Փորձեցի և ստացվեց:
 
-Արդյո՞ք դժվար էր հաղթահարել ճնշումը` դառնալով ՄՅՈւ-ի ֆուտբոլիստ:
-Չէի ասի, թե դժվար էր, որովհետև ես 27 տարեկան էի, երբ եկա «Մանչեսթեր Յունայթեդ»: Բայց մեկ այլ բան էլ կա. այս թիմի խաղացող լինելը մի կողմից ճնշում է գործադրում, որովհետև գիտես, որ միշտ պետք է բարձր մակարդակի վրա լինես: Երբ գալիս ես «Մանչեսթեր Յունայթեդ», միայն պետք է մտածես, որ յուրաքանչյուր խաղում և մրցաշարում պետք է հաղթանակ տանես: Դա է յուրաքանչյուր մրցաշրջանի հիմնական «դրայվը»:
 
Աղբյուրը՝ Armsport.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: