Նորություններ

Առցանց կրթական հարթակ սփյուռքահայ ուսուցիչների համար

Կրթական 2017-07-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երեկ հանդիպել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի մասնակից ուսուցիչների հետ: Նախարարը ուսուցիչներին ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, լսել նաև նրանց առաջարկներն ու դիտարկումները: Ըստ նախարարի՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շատ հեռանկարային է, իսկ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը՝ ընդլայնված: «ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել փորձնական ծրագիր՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ: Այն ենթադրում է երկու հարթությունում աշխատանք՝ Հայաստանում և Սփյուռքում: Մենք փորձելու ենք մի քանի տարվա ընթացքում հասնել նրան, որ բուհական ընդունելության քննությունների մեր ծրագրերն արևմտահայերենով մատչելի լինեն սփյուռքահայ երեխաներին»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ԿԳ նախարարությունը կփորձի լուծում գտնել սփյուռքահայ ուսուցիչների բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես նաև կքննարկի վերապատրաստումների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու կարծիքները: «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մինչ հոկտեմբեր կստեղծենք օնլայն մի բաց հարթակ, որտեղ բոլոր ուսուցիչները կկարողանան իրենց առաջարկություններով և դիտողություններով կիսվել»,- նշել է նախարարը: Նախարարն ուսուցիչներին առաջարկել է նաև ստեղծել սփյուռքահայ ուսուցիչների ասոցիացիա՝ խոստանալով տրամադրել հարթակ և հնարավորություններ իրար հետ աշխատելու համար: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: