Նորություններ

«Երևանյան գունազարդ վազք 2017»

Սպորտ 2017-07-17

Երևանում կայացել է «Երևանյան գունազարդ վազք 2017» սպորտային միջոցառումը: Այն միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիա, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Yerevan Color Run-ի նպատակն է յուրօրինակ ձևաչափով վազքի մարաթոնների իրականացման միջոցով Երևանի բնակիչների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել զանգվածային սպորտի մշակույթը: Նախագիծը Երևանում իրականացվում է 2015 թվականից: Միջոցառումը բարեգործական է. այս տարի ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի կառուցմանը: Yerevan Color Run-ի մասնակիցները հաղթահարել են 5կմ երկարություն ունեցող վազքուղին՝ սկսելով Հանրապետության հրապարակից, անցնելով Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցները, Մաշտոցի պողոտան և Իսահակյան, Նալբանդյան փողոցներով, ապա կրկին վերդառնալով Հանրապետության հրապարակ: Վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները հովանավորների և գործընկերների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Աղջիկներից հաղթող է դարձել Սոնա Ֆաունթեյնը (Նյու Յորքից), իսկ 3-րդ, 2-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Էլեն Հովհաննիսյանը և Կարինե Ավետիսյանը: Տղաներից 3-րդ, 2-րդ և 1-ին հորիզոնականներըզբաղեցրել են Մելիքասեթ Կարապետյանը, Անդրանիկ Մարգարյանը և Մհեր Մաշումյանը: Որպես մրցանակ՝ երկու հաղթողներին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից տրվել է Հայաստանում եռօրյա էքստրեմալ տուր անցկացնելու հնարավորություն: «Երևանյան գունազարդ վազք 2017»-ին մասնակցել են նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ արտասահմանից, այդ թվում՝ Կորեայից, ԱՄՆ-ից և այլն: Վազքի ավարտին հաջորդել է երաժշտական գունազարդ միջոցառումը, որի ընթացքում մասնակիցներին իր կատարումներով ողջունել է Ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող, «Ռուսաստանի Ձայնը» նախագծի մասնակից, երգիչ Սևակ Խանաղյանը, այնուհետև ներկաների տոնական և պարային տրամադրությունը իրենց մասնակցությամբ և անդադար ելույթներով ապահովել են DJ-ներ Գուեվոն և Շանթը: Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա լցվել են գունավոր խորհրդանշական փոշեներկեր: Միջոցառումն իրականացվել է «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի ու Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: