Նորություններ

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման արդյունքների ամփոփում

Կրթական 2017-07-14

Օրերս տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների քննարկում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԿՏԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչության ներկայացուցիչներ: Ըստ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանի՝ հանրակրթական հաստատությունների վարկանիշավորման գործընթացում կարևորվում է ոչ միայն արդյունքների ամփոփումը, այլ նաև դրանց հիման վրա դպրոցների գործունեության բարելավումը։ Վերլուծության համար կիրառվել են 2015 և 2016 թվականների վարկանիշավորման տվյալները, ինչի համար ընտրվել են հանրապետության բոլոր դպրոցները՝ ըստ գյուղական և քաղաքային բնակավայրերի տարանջատման: Վերլուծության ծածկույթը ներառում է շուրջ 1,379 դպրոցի, 34,991 ուսուցչի և 352,416 աշակերտի տվյալ: Աշակերտների կրթական արդյունքները սահմանվել են երկու խումբ ցուցանիշներով՝ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և բնագիտական առարկաների տարեկան ավարտական և միասնական քննությունների միջին գնահատականներ և հաջորդ կրթական մակարդակում կրթությունը շարունակող աշակերտների թվաքանակ: Համաձայն վերլուծության արդյունքների՝ կրթական ձեռքբերումները կապված են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են՝ ուսուցիչների կրթությունը, տարիքը, նախընտրությունները: Որոշ վերապահումներով աշակերտների կրթական արդյունք է համարվել նաև օլիմպիադաների մասնակցող աշակերտների քանակը: Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվել նաև դպրոցի կառավարմանը վերաբերող գործոնների և աշակերտի կրթական արդյունքի կապին: Մասնավորապես, դիտարկվել է դպրոցում իրականացվող ծրագրերի քանակը և բյուջեի պլանավորումը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հնարավորությունները, այդ թվում՝ հանրակրթությունը բնութագրող ցանկացած տիպի հաշվետվություններ կառուցելու, ստանալու և դրանք քաղաքականության մշակման մեջ կիրառելու ձևերը։ Համակարգը հնարավորություն է տալիս բացառելու սովորողի կրկնակի հաշվառումը հանրակրթությունում, աշակերտի՝ կրթությունից դուրս մնալու վտանգը կրթության բոլոր մակարդակներում։ Բացի այդ, հաշվետվությունները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համար հնարավորություն են ստեղծում ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հաշվետվությունները կառուցվում են դպրոցներից հավաքագրված տվյալների հիման վրա՝ աշակերտ /թվաքանակ, տարիք, սեռ, կրթության առանձնահատուկ պայմանի գնահատում, փախստականի կարգավիճակ, առողջությանը վերաբերող և այլ տվյալներ/, ուսուցիչ /կրթություն, վերապատրաստում, աշխատանքային փորձ, մասնագիտական փորձ և այլն/, դպրոցի շենքային պայմաններ /հիմնական և շենքի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող տվյալներ/։ Համակարգը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր դպրոցի համար ստեղծել տարիֆիկացիոն մատյան, որը հասանելի կլինի ՀՀ մարզպետարանների համար։ Համակարգի ելքային արդյունքերից են նաև ՀՀ դպրոցների անվտանգության և անձնագրերի էլեկտրոնային քարտեզները։ Մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ վարկանիշավորման համակարգի արդյունավետության բարելավման, տվյալների հավաքագրման և այլ հարցերի հետ կապված: Պայմանավորվածություն է ձեռքբերվել Երևան քաղաքի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների հետ տվյալների հավաքագրման գործընթացում առավել սերտ համագործակցության վերաբերյալ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: