Նորություններ

«Հնագույն Թուրքիա»-ն վերանվանվեց «Անատոլիա Ուրարտու»

Ուշագրավ 2013-07-18

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ «British Museum»-ի ղեկավարությունը, արձագանքելով ԵՀՄՖ-ի՝ իրեն ուղղված բողոքներին, փոխել է Բրիտանական թանգարանի N54 սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը նոր՝ «Անատոլիա, Ուրարտու» անվամբ:
ԵՀՄՖ նախագահությունը շնորհակալության խոսքն է ուղղել Լոնդոնի «British Museum»-ի տնօրինությանը՝ ԵՀՄՖ-ի նամակին պատասխանելու և բողոքին արձագանքելու կապակցությամբ:
 
«Անատոլիա, Ուրարտու» անվանումը ԵՀՄՖ-ն համարում է համեմատաբար ընդունելի` չնայած իդեալական տարբերակը կլիներ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» անվանումը: ԵՀՄՖ-ն կշարունակի բանակցությունները Բրիտանական թանգարանի մասնագետների հետ կա՛մ առանձին սրահ՝ «Հնագույն Հայաստան, Ուրարտու» անվանումով ստեղծելու, կա՛մ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» սրահը վերանվանելու կապակցությամբ:
 
«ԵՀՄՖ-ն միաժամանակ իր գոհունակությունը և շնորհակալությունն է հայտնում բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր սրտացավ վերաբերմունք ցուցաբերեցին ԵՀՄՖ-ի կողմից սկսած այս պայքարին և հատկապես նրանց, ովքեր կոնկրետ մասնակցություն ունեցան: Խոսքը մասնավորապես «Վերականգնենք պատմական ճշմարտությունը Լոնդոնի Բրիտանական թանգարանում» ֆեյսբուքյան խմբի անդամների և կազմակերպիչ Գայանե Գևորգյանի սրտացավ մասնակցության, ինչպես նաև ստորագրահավաքի կազմակերպիչների և ստորագրահավաքի բոլոր մասնակիցների մասին է:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: