Նորություններ

Արցախում հայտնաբերվել են հնագիտական եզակի նմուշներ

Ուշագրավ 2017-07-10

Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում հայտնաբերվել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թևավոր խաչ, վաղ քրիստոնեական կոթողի մնացորդներ, 12-13-րդ դարերի մի քանի տասնյակ խաչքարեր ու արձանագրություններ: «Երեք տարի է՝ փորձում էինք հետազոտել Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցվել։ Շատ ունիկալ դամբարան է, որը 13-րդ դարում վերահայտնաբերել են, կողքը եկեղեցի ու մատուռ են կառուցել, նոր արձանագրություններով ու հետաքրքիր նյութերով համալրել»,-նշել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա նշել է նաև, որ Վաճառը Գանձասարից մի փոքր ներքև տեղակայված բնակավայր է եղել, որը 12-13-րդ դարերում առևտրական խոշոր կենտրոն է եղել և այդ պատճառով էլ կոչվել է Վաճառ: Սկզբնապես այդ տարածքը Ջանջուռ է կոչվել, ով եղել է Խաբակյանների տոհմի հիմնադիրներից: Դա այն տոհմն է, որը հետո կոչվել է Պռոշյան, տեղափոխվել Հայաստանի կենտրոնական հատված, ապա նաև կառուցել Գեղարդավանքը: Վաճառի Սուրբ Ստեփանոս վանքում հայտնաբերվել է Ջաջուռի որդի Գրիգորի կողմից թողնված արձանագրություն, որտեղ գրված է. «Հրամանաւ աստուածասէր իշխանին հասանա տեառն խաչինո ես Գրիգոր որդի քաջ զաւրականին Ջաջուռա»: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: