Նորություններ

Կկայանա «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը

Ուշագրավ 2017-07-04

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: Փառատոնի օրերին մայրաքաղաքի յոթ տարբեր հատվածներում կկազմակերպվեն կինոցուցադրություններ՝ շարժական յոթ կինոթատրոններով: Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրել է, որ փառատոնի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի 1927 թվականին նկարահանած «Խաս-փուշն» է, որը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: 14-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը ռեժիսոր Ջո Բեռլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Բնաջնջման մտադրություն» ժապավենն է: Ծրագրերը բաղկացած են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Հայեր՝ հայացք ներսից և դրսից» բաժիններից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ փորձում են բերել աշխարհի լավագույն ֆիլմերը, այդ թվում՝ ութ ֆիլմ Կաննի կինոփառատոնից, Բեռլինի ու Վենետիկի կինոփառատոներում հաղթած ֆիլմերը, Ռոտերդամի կինոփառատոնի երեք լավագույն ֆիլմերը և այլն: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշել է, որ հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ազդեցիկ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ. «Հարգանքի տուրք կմատուցվի և կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին՝ «24 ժամ ծաղրածուի կյանքից», «Ստվերների բանակը», «Լեոն Մորեն, քահանա», «Ծովի լռությունը», «Կարմիր շրջան»։ Կցուցադրվի նաև Անջեյ Վայդայի վեջին ֆիլմը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությունով հարգանքի տուրք ենք մատուցում նրա հիշատակին։ Ֆրունզե Դովլաթյանի 90-րդ, Յուրի Երզնկյանի 95-րդ և Սերգեյ Իսրաելյանի 80-րդ հոբելյանների կապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորների մասին կենսագրական ֆիլմեր»։ Ընդհանուր առմամբ կցուցադրվի 70 ֆիլմ: Աղբյուրը՝ Mincult.am Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: