Նորություններ

Միասնական քննությունների արդյունքները

Կրթական 2017-06-24

Ավարտվել է միասնական քննության առաջին փուլը։ Վերջին՝ «Ռուսաց լեզու» առարկայի քննությանը գրանցված դիմորդների քանակը եղել է 547: «Մարզերում բացակաների մասին դեռևս տեղեկություններ չունենք, իսկ Երևանում 114 դիմորդից բացակայել է 17-ը»,- նշել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։ «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 1167 դիմորդ։ Առարկայի միջին միավորը կազմել է 12.18. անբավարար ստացել է 16.5 տոկոսը, առավելագույն միավոր՝ 35 դիմորդ: «Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել է 958 դիմորդ, միջին միավորը եղել է 13.1. անբավարար ստացել է 15.5 տոկոսը, 20 միավոր՝ 44 դիմորդ։ «Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցած 4225 դիմորդի 11,8 տոկոսն անբավարար է ստացել: Առարկայի միջին միավորը կազմել է 11,5։ Դիմորդների 60 տոկոսը ստացել է 7,5-13 միավոր։ 20 միավոր ստացել է 40 դիմորդ։ Անգլերեն լեզվի քննությանը մասնակցած 3892 դիմորդից 20 միավոր ստացել է 229-ը, անբավարար՝ 8 տոկոսը, իսկ միջին միավորը կազմել է 14,6: Ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներից 20 միավոր ստացել են 6-ական դիմորդ։ ֆրանսերենի քննությանը մասնակցել է 125 դիմորդ, միջին միավորը կազմել է 15, անբավարար է ստացել դիմորդների 4 տոկոսը։ Գերմաներենի քննությանը մասնակցած 113 դիմորդից անբավարար է ստացել 3,8 տոկոսը, միջին միավորը եղել է 15,5։ «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 1452 դիմորդ, իսկ միջին միավորը կազմել է 12,3։ Դրական շեմը չեն հաղթահարել դիմորդների 21 տոկոսը, իսկ 28 դիմորդ ստացել է առավելագույն 20 միավոր։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 5011 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել 51 դիմորդ: Առարկայի միջին միավորը կազմել է 13.1: Անբավարար է ստացել 9 տոկոսը, իսկ 80 տոկոսը՝ 7.5-16 միավոր։ Ըստ ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանի՝ քննական գործընթացը խաղաղ է անցել, որևէ արտառոց դեպք, ընթացակարգային, բովանդակային խնդիրներ չեն եղել։ Նա նշել է, որ հիմնականում երկու տեսակի դիմումներ են ստացել։ «Մի տեսակը վերաբերում է վերահաշվարկին, այսինքն՝ տեխնիկական խնդիրների դեպքերում, երբ որ երեխաները ձևաթղթով ստուգել են և չի համապատասխանել գնահատականին: Այս պարագայում հնարավոր է սխալ հաշված լինի կամ կարող է նաև իր գրած թվերը համակարգիչը ճիշտ չի կարդացել։ Այս պարագայում անմիջապես հանվում են բնօրինակները, նայվում և եթե երեխան ճիշտ է, ապա նրա օգտնին անմիջապես միավորները փոխվում են։ Դիմումներ էլ կան, որ ավելի շատ որակվում են որպես խնդրանքներ։ Երեխաները նշում են, որ վատ են զգացել, բայց ամաչել են դիմել բժշկի: Արդյունքը ցածր է եղել. խնդրում են նորից քննություն հանձնել: Որպես կանոն` նման դիմումները քննարկում է բողոքարկման հանձնաժողովը, բայց քանի որ չկա որևէ հավաստող փաստաթուղթ, նման դիմումները մերժվում են: Եթե երեխան վատ է զգացել, գոնե մեկ անգամ պետք է այցելած լիներ կենտրոնի բժշկին և կազմվեր արձանագրություն»,- մանրամասնել է ԳԹԿ տնօրենը։ Արա Իսպիրյանը նշել է նաև, որ քննակենտրոններից դիմորդների հեռացման 6 դեպք է եղել, որոնցից 5-ը՝ հեռախոսների, 1-ը՝ լսողական սարքերի առկայության պատճառով։ Բողոքարկումների վերջնական արդյունքները քննակենտրոններում կփակցվեն հունիսի 28-ին։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: