Նորություններ

Հայաստանին անհրաժեշտ են նոր սերնդի ուսուցիչներ

Ուշագրավ 2017-06-23

Dasaran կրթական ծրագիրը, միջազգային գործընկերների աջակցությամբ ուսումնասիրելով Սինգապուրի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների՝ լավագույնը համարվող կրթական փորձը, հանդես է եկել նոր նախագծով՝ մշակել եռօրյա աշխատանքային սեմինար հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժների համար: Ուսուցման 12 տարիները խորհրդանշող «Գնացք 12» աշխատանքային սեմինարի նպատակը ուսուցիչներին իրենց մասնագիտական ներուժի և հմտությունների՝ արդիական կրթաձևերին համապատասխան կիրառման մեխանիզմներ փոխանցելն է: Սեմինարի ընթացքում մանկավարժներն անդրադառնում են ոչ միայն աշակերտների տարիքային առանձնահատկություններին, ճգնաժամերին, ուսուցման գործընթացում դրանց արտահայտման ձևերին և աշակերտների «վատ» վարքի հետ հարաբերություններ կառուցելու համար գործնական և կիրառելի մեթոդներին, այլև հենց իրենց անձնային հատկանիշների դրսևորմանը, ստանձնած դերին, ընտրած դաստիարակության ոճերին, կոնֆլիկտային իրավիճակների և դրանցից բխող սթրեսների հաղթահարման ուղիներին: «Գնացք 12»-ին գործնականում ծանոթանալու նպատակով օրերս կրթական կենտրոն այցելեց նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով բարձր գնահատեց Dasaran-ի հերթական արդյունավետ գաղափարը՝ ընդգծելով գիտելիքից մինչև հմտություն ուղղորդող դասընթացի կարևորությունը: Մանկավարժների խոսքով՝ «Գնացք 12»-ն օգնում է իրենց վերաորակելու աշակերտ-ուսուցիչ ճիշտ փոխհարաբերությունների ձևավորումը՝ նորովի արժևորելով իրենց ստանձնած դերը: Ըստ որում՝ աշխատանքային սեմինարին արդեն մասնակցել է շուրջ 135 մանկավարժ Երևանի և 4 մարզի դպրոցներից: «Գնացք 12»-ը սպասում է նոր ուղևորների…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: