Նորություններ

Ներառական կրթությունը՝ քննարկման առանցքում

Կրթական 2017-06-14

«Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել, քան հատուկ կրթությունն է»,- նշել է ԿԳ նախարար Լևոն Լևոն Մկրտչյանը Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի և ՄԶԳ Տեղահանված երեխաների և որբերի հարցերով հիմնադրամի ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկայացվել է ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող MEASURE Evaluation ծրագիրը: Նշվել է, որ Հայաստանն այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է MEASURE Evaluation ծրագիրը, որի նպատակն է գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումը երեխաների պաշտպանության ոլորտում, խնամքի և հոգածության ազգային համակարգի բարեփոխման իրականացումը: Ըստ ծրագրի՝ կձևավորվի թիմ, որը 2 տարվա ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերը: Նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է թիմում ներգրավել ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև հասարակության վստահությունը վայելող մտավորականների, բժիշկների և այլն, ովքեր կաջակցեն ծրագրի իրականացմանը: Լևոն Մկրտչյանը նշել է, որ պետք է սերտորեն համագործակցել ՀՀ սոցիալական հարցերի և ապահովության ու ՀՀ առողջապահության նախարարությունների հետ` համատեղ ծրագրերի իրականացման, ներառական կրթության քարտեզի ընդլայնման, ինչպես նաև տնային կրթության պայմաններում ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակով: «Օրինակ, սիրիահայ երեխաների համար դժվար է ներառվել Հայաստանի դպրոցներում, քանի որ առկա են ուսումնական ծրագրերի, լեզվական և մտածողության տարբերություններ: Կարևոր է, որ վերջիններս իրենց օտար չզգան: Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը ևս շատ կարևոր է»,-նշել է նախարարը` կարևորելով կադրերի վերապատրաստման և հասարակության մոտ համապատասխան կարծիքի ձևավորման հարցը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: