Նորություններ

Ստորագրվել է համագործակցության հուշագիր

Կրթական 2017-06-12

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակում նախատեսվում է դպրոցական ենթակառուցվածքների բարելավում, այդ թվում՝ տեխնոլոգիապես հագեցած դասասենյակների՝ ստեղծագործարանների կամ ՍՄԱՐԹ սենյակների ստեղծում, դպրոցական ճաշարանների վերանորոգում, արտադասարանային նախաձեռնությունների խրախուսում, այդ թվում՝ արվեստների և արհեստների, սպորտի, սոցիալ-ֆինանսական կրթության, անգլերենի ուսուցում և այլն: Համաձայնագրով նախատեսվում է նաև աջակցություն աշակերտական ինքնավարությանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնություններին: Հիմնադրամի կողմից Լոռու մարզի Դեբետ համայնքում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ հետագայում նաև այլ մարզերի ՍՄԱՐԹ կենտրոններում նախատեսվում է համատեղ միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստում կամ հանրակրթական դպրոցների աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացում։ ՀՀ ԿԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու հիմնադրամին շահառու դպրոցների ընտրության հարցում, նպաստելու շահառու դպրոցների ներգրավմանը նախարարության կողմից իրականացվող պետական այն ծրագրերում, որտեղ համատեղ ջանքերը կարող են հանգեցնել ֆինանսական և ծրագրային արդյունավետության (օրինակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր և այլն): ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշվի այն շատ կարևոր և նվիրված աշխատանքը, որ 10-ից ավելի տարիներ իրականացնում են մեր հայրենակիցները ՀՀ-ում: «Հիմնադրամը հայկական կրթական համակարգի բոլոր խոշոր ծրագրերում իր յուրահատուկ ձեռագիրն ունի: Այն մեր երեխաների կյանքի բոլոր ոլորտներում է և ուղեկցում է նրանց մանկությունից մինչև գիտություն: Նրանք մեր կրթական մակարդակը տանում են միջազգային ճանաչման: Սա մտադրությունների հուշագիր է, որը, մի կողմից, ամրագրում է իրենց ուղենիշները, մյուս կողմից` մեզ հնարավորություն է տալիս օգտագործել հիմնադրամի փորձը մի քանի ուղղություններով: Օրինակ, կփորձենք օգտագործել նրանց ներուժը` մասնագետներ հրավիրելով Հայաստան, որպեսզի նրանք ներգրավվեն կրթական քաղաքականության զարգացման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթացներում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մարզերում առկա է օտար լեզուների դասավանդման խնդիր, և նաև հիմնադրամի միջոցով պետք է այս խնդիրը լուծել: Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին իրականացրած աշխատանքների համար՝ նշելով, որ հիմնադրամը Լոռու մարզի Դեբետ համայնքում Սմարթ կենտրոն է կառուցում, և շուտով այն կբացվի: «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ատենապետ Գարո Արմենն էլ իր հերթին նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը դարերի խորքից է գալիս, և մեր ապրելակերպի ամենակարևոր ջիղը կրթությունն է եղել: «Մեր նպատակն է գալիք 100 տարվա ընթացքում փոխել ամեն ինչ և կրթական մակարդակն այնքան բարձրացնել, որ աշխարհին էլ հայտ ներկայացնենք: Ուզում ենք մեր մանուկներին տալ այն կրթությունը, որը կա առաջավոր երկրներում»,-ընդգծել է նա: Կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակելու և հանրայնացնելու ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը խթանող ուսումնաօժանդակ նյութեր և մեթոդական ձեռնարկներ, այդ թվում՝ մասնագիտական կողմնորոշման, սոցիալ-ֆինանսական կրթության, մասնագիտական աջակցության և այլ ոլորտներում, աջակցելու շահառու դպրոցների տնօրենների կարողությունների զարգացմանը՝ նրանց համար հասանելի դարձնելով Հայաստանում և արտերկրում դպրոցական կառավարման և ուսումնական բովանդակության առաջատար փորձը։ Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: