Նորություններ

ԿԳ նախարարը պարգևատրել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

Կրթական 2017-06-08

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը նվաճել է 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ ներկայանալով 11 անվանակարգերում: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ նշելով, որ Հայաստանը միշտ համարվել է գիտակրթական տարածք՝ ունենալով հին մշակույթ և քաղաքակրթություն: «Առարկայական միջազգային և սպորտային օպիմպիադաներում մեր երեխաները միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը, իսկ Դելփյան խաղերի մրցանակակիրները դա անում են մշակույթի նման կարևորագույն ոլորտում, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է իր ուրույն ձեռագիրը: Անկախ  պետականությունից՝ մեր ժողովուրդը մշտապես  նվիրված է մշակույթին: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին և ընտանիքներին, որոնց հաջողվել է դեռ փոքր հասակից ձեզ փոխանցել այդ գիտելիքները և հնարավորությունը: Շուրջ 2400 մասնակցի մեջ Հայաստանը ներկայացնող շուրջ 30 մասնակիցներն արձանագրել են փայլուն արդյունք, որը, ինչ խոսք, ոգևորիչ է»,-նշել է նախարարը՝ Դելփյան խաղերի մասնակիցներին մաղթելով նաև հաղթանակներ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: 


Հավելենք, որ Դելփյան խաղերին մասնակցել են պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է շուրջ 30 մասնակից 11 անվանակարգերում /դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական, էստրադային, ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ/:


Դելփյան խաղերին ՀՀ թիմի` պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Եվս 17 հոգի խրախուսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:  

 

Աղբյուրը՝ Edu.am

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: