Նորություններ

Հայ-գերմանական համագործակցություն կրթության ոլորտում

Կրթական 2017-06-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանին: ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-գերմանական կրթական համագործակցությունը և ընդգծել Գյոթեի ինստիտուտի ներդրումն այդ ասպարեզում: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում նախատեսվող փոփոխությունները՝ շեշտելով, որ Գյոթեի ինստիտուտի հայաստանյան թիմն արդյունավետ և կարևոր աշխատանք է կատարում մեր երկրում գերմաներենի տարածման և զարգացման ուղղությամբ: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ նախարարության կողմից մշակվել է օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների հայեցակարգը, որտեղ առանձնակի կարևորվում է լեզուների, այդ թվում՝ գերմաներենի ուսուցման զարգացումը: Հայեցակարգի շրջանակում օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներում բացի լեզվի, գրականության և մշակույթի ուսուցումից, դիտարկվում է նաև որևէ բնագիտական առարկայի ուսուցման կազմակերպումը համապատասխան լեզվով: Նախարարը նշել է, որ այս հարցում հայկական կողմն ակնկալում է Գյոթեի ինստիտուտի աջակցությունը՝ նկատի ունենալով, որ Հայաստանում գերմաներենով դասավանդող բնագիտական առարկաների նեղ մասնագետներ չկան. «Մենք ակնկալում ենք, որ DAAD-ի ծրագրերի շրջանակում մանկավարժները կարող են համապատասխան վերապատրաստում անցել»,- նշել է ԿԳ նախարարը: Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ գործնական առաջարկության համար՝ ընդգծելով, որ իրենք մեծ սպասումներ ունեն նախաձեռնության իրագործումից և պատրաստակամ են խորացնել համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Գյոթեի ինստիտուտի գրասենյակի գործունեությանը և ընդգծել, որ հետևողական քայլեր են ձեռնարկվում Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղի բացման ուղղությամբ: Նշվել է, որ Հայաստանի դպրոցականները գրավել են երրորդ պատվավոր տեղը Գյոթեի ինստիտուտի կողմից 2 տարին մեկ կազմակերպվող գերմաներեն լեզվի միջազգային օլիմպիադայում: Հայաստանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչության աջակցությամբ կազմակերվում են գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, առաջիկայում երրորդ անգամ անցկացվելու է գերմաներեն դասավանդողների համաժողովը: Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-գերմանական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: Կարևորվել է համագործակցության կապերի ամրապնդումը ՄԿՈՒ ոլորտում, Գյոթեի ինստիտուտի շրջանակում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: