Նորություններ

«Արարատյան բակալավրիատ». ազդարարվեց դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը

Կրթական 2017-05-31

Մատենադարանի նիստերի դահլիճում մայիսի 30-ին տեղի է ունեցել Կրթության գերազանցության ազգային ծրագրին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել Արարատյան բակալավրիատի ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, ներկայացվել ԱԲ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ ՀՀ մարզերից և Արցախից:

 

ԱԲ-ին դպրոցների միանալու գործընթացը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին. ծրագրի թիմը երեք ամսում հանդիպել է մարզերի և Արցախի շուրջ 450 դպրոցի հետ՝  ներկայացնելու ծրագիրն ու դրան միանալու պայմանները: Արդյունքում  մարզերի 20 դպրոց և Ստեփանակերտի մեկ դպրոց ընտրվել էին որպես ԱԲ ծրագրով առաջին թեկնածու դպրոցներ: Նախատեսվում է, որ ԱԲ ծրագրով առաջին մարզային դպրոցներն իրենց գործունեությունը կսկսեն 2018 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը մասնակցել է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման շրջանակներում Նախագահը շնորհակալագրեր է հանձնել Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած և առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած Արարատյան բակալավրիատի թեկնածու լավագույն դպրոցներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել բոլոր այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում:

 

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սա նաև առիթ է, որպեսզի մենք հասկանանք, որ հանրակրթության մեջ ունենք որոշակի կայուն որակ, որը գերազանցության կենտրոնների միջոցով զարգացնելու պարագայում կարելի է ունենալ միջազգային կարգի արդյունքներ:

 

«Արարատյան բակալավրիատը» համաշխարհային մասշտաբով մրցունակ կրթական ծրագիր է: Այն համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին և շարունակաբար կրթական ծրագիրը կատարելագործվելու է: Բոլոր աշխատանքներն այսօր ավարտված են և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի այն ներդրվի բոլոր ավագ դպրոցներում»,- նշել է  Լևոն Մկրտչյանը:

 

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս ծրագրով հնարավոր կլինի Հայաստանում հայերենով միջազգայնորեն ճանաչելի քննություններ անցկացնել:

 

Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնը և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտը (IOE)։

 

Աղբյուրը՝ Panorama.am

 

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: