Նորություններ

Դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը կվերանայվեն

Ուշագրավ 2017-05-30

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մոտ ժամանակներում կներկայացվի ուսուցիչների ֆինանսավորման սկզբունքի փոփոխության բանաձև, որտեղ մանրամասները ներկայացված կլինեն: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բազային կամ նվազագույն աշխատավարձից պակաս ուսուցիչը չի ստանա, բայց ավել ժամաքանակներ ունենալու դեպքում կկարողանա ստանալ ավելին: Նա նաև նշել է, որ ուսուցիչը պետք է կայուն աշխատավարձ ունենա՝ անկախ դպրոցի աշակերտների թվից:

 

«Հավանաբար ճիշտ կլինի դրույքի համար որոշակի բազային միավոր սահմանել, որի հիման վրա էլ կառուցենք աշխատանքը: Ներկայումս ունենք մի վիճակ, որ նույն ուսուցիչը նույն ժամաքանակի դիմաց, նույն ծանրաբեռնվածության դիմաց մի վայրում մի գումար է ստանում, մեկ այլ վայրում՝ մեկ այլ գումար: Իսկ բազային աշխատավարձ ստանալու դեպքում հնարավոր կլինի ուսուցիչների վիճակը բավականին կարգավորել»,- մանրամասնել է նախարարի պաշտոնակատարը: 

 

Ներկայումս դպրոցները ֆինանսավորվում են՝ ելնելով աշակերտների թվից և շահում են փաստորեն փոքր՝ 100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցները, քանի որ դրանք ֆինանսավորում են ստանում՝ անկախ աշակերտների թվից, և, բնականաբար, մի քանի հարյուր աշակերտներ ունեցողները: Դպրոցների զգալի հատվածի աշակերտների թիվը, ըստ Լևոն Մկրտչյանի, 100-500-ի տիրույթում է, և այստեղ ֆինանսավորման բանաձևը սկսում է չաշխատել, որովհետև դպրոցները թերֆինանսավորում են ունենում:

 

«Կստեղծենք կայուն հիմք, որ դրանից քիչ ուսուցիչը չստանա: Ամենամեծ դժգոհությունն այն է, որ նույն աշխատանքը մարդը կատարում է, բայց մի տեղ մեկ այլ գումար է ստանում, մեկ այլ տեղ՝ մեկ ուրիշ: Այնինչ հավասարակշռություն է հարկավոր, բացի այդ՝ մեր եղած գումարներն ավելի ճիշտ կբաշխվեն»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

 

Ըստ  Լևոն Մկրտչյանի՝ ամառվա ամիսներին իրենք կկարգավորեն հարցը. ներկայումս արդեն բանակցում են Ֆինանսների նախարարության հետ աշխատավարձերի տրամադրման օպտիմալ եղանակը գտնելու հարցում:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: