Նորություններ

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ»․ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԵՐԱՆՈՎ ԱՍՏՎԱԾ Է ԽՈՍՈՒՄ

Կրթական 2017-05-30

Դարեր շարունակ մարդու միտքը զբաղեցրել է այն հարցը, թե ի՞նչ է երջանկությունը: Բազում փիլիսոփաներ, գիտնականներ, զորավարներ, մարդագետներ ու բնագետներ փորձել են պատասխանել այս հարցին, սակայն միշտ էլ այդ պատասխանները չեն գոհացրել կամ էլ լիովին չեն համոզել մարդուն: Միայն քրիստոնեությունն է կարող՝ որպես բարձր գիտակցության կրոն, լուսավորել մարդու հոգին և միտքը ու որպես «այրող հրայրք»՝ մերժել խավարը և խոնարհության քարոզմամբ հաղթել հպարտությանը՝ հռչակվելով ոչ թե սրի՜, այլ սիրո՜ կրոն: «Քո խոսքը ճրագ է իմ քայլերի համար և լույս՝ իմ կյանքին…», — ասվում է Աստվածաշնչում: Ահա և այս լույսի կանչն էր, որ մեզ տարավ Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի 4ա դասարան: «Երջանկությունն իմ աչքերով» խորագիրը կրող ձեռնարկի հեղինակը հմուտ մանկավարժ, ստեղծագործ դասվար Անահիտ Գրիգորյանն էր, մասնակիցները՝ հենց իր սաները. այստեղ էր, որ երեխաներից յուրաքնչյուրը բանաձևեց երջանկության մասին ունեցած իր տեսլականը, որոնք բխում էին Աստվածաշնչից ու դառնում քրիստոնյա մարդու հավատամքի աքսեոման, որն այլևս ապացույցի կարիք չունի: «Աստված սեր է …», «Խնդրեցե՜ք, և ձեզ պիտի տրվի…», «Ես եմ կենաց հացը, ով որ դեպի ինձ է գալիս, երբեք չպետք է քաղցի…», «Ես եկա, որ կյանք ունենաք, ավելիո՜վ ունենաք…», «Իմ խոսքերը հոգի ու կյանք են…», «Ձեր սրտերը ուրախ պիտի լինեն, և ձեր ուրախությունը ձեզնից ոչ ոք չպետք է խլի…», «Քաջասիրտ եղե՜ք, ես աշխարհին հաղթեցի»: Մի՞թե այս խոսքերից յուրաքանչյուրը մարդկային հոգուն չի պարգևում երջանկություն: Մի՞թե կյանքը շարունակաբար չի ապացուցում, որ «Ավելի երանելի է տալը, քան առնելը»: Երբ կարող ես պարզապես մի բարի ժպիտով ապաքինել դիմացինի վիրավոր սիրտը, երբ կարող ես մխիթարել նրան, մի՞թե դրանից մարդն ինքն իրեն ավելի լավ չի զգում, ուրեմն ինչո՞ւ չժպտալ: «Երեխաների շուրթերով Աստված է խոսում…»,- ասում են Եկեղեցու Հայրերը: Այո՜, հենց այս հրեշտակադեմ փոքրիկներն էլ պատմեցին մեզ Աստվածաշնչյան զրույցներ, ներկայացրեցին առակներ, որոնցում երջանիկ, գոհ և վերջապես հաղթանակած է այն մարդը, ով սատարում է ընկածին, ով կարեկցում է ընչազուրկին և ով Արարչի առաջ միշտ մնում է շնորհակալ ու փառաբանող հոգի: Դաս-միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ծնողներ, սովորողներ: 4 ա դասարանին հյուր էր եկել նաև N զորամասի գնդերեց Հրաչ սարկավագ Ղազարյանը, ով հանդես եկավ երեխաներին ուղղված զրույց- խրատով, որում մասնավորաբար ասվում էր. «Սիրելինե ՜ր, պետք է ջանալ տերունական պատգամներով ապրել կյանքում: Աստծուն ճանաչելն է արդեն իսկ երջանկություն է, և պետք է շատ սիրել Տիրոջն ու նրա օրենքները: Ու կտեսնեք, որ բարեպաշտ, աստվածավախ մարդու հոգին ու տունը շուտով կլցվեն աստվածային խաղաղությամբ, այն խաղաղությամբ, որ աշխարհը ո՜չ կարող է տալ, և ոչ էլ խլել»: «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նոնա Վարդանյան Հոգևոր դաստիարակությունը «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: