Նորություններ

«Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ Թոմ Քաթինան

Ուշագրավ 2017-05-29

Մայիսի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Ավրորա» մրցանակի մրցանակի մեկ միլիոն դոլարի պարգևը շնորհվել է կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային:

 

Նա հազարավոր մարդկանց կյանքեր է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է։ Թոմ Քաթինան 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ընտրվել 66 երկրներից ստացված ավելի քան 550 առաջադրումներից։ «Ավրորա» մրցանակը շնորհել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների:

 

Թոմ Քաթինան ստանալու է 100,000 դոլարի պարգևը և նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին։ Բժիշկ Քաթինան մրցանակը փոխանցելու է հետևյալ երեք կազմակերպություններին՝

• Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ

• Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ

• Aktion Canchanabury, Գերմանիա

 

Վերջին ինը տարիներին «Գթության Մայր» հիվանդանոցում Թոմ Քաթինան, ում տեղացիները բժիշկ Թոմ են ասում, հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 750,000 բնակիչների համար Սուդանի կառավարության և Սուդանի ազգային ազատագրական շարժման միջև տևական քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Ընդհանուր առմամբ՝ բժիշկ Քաթինան խնամում է օրական 500 հիվանդի և տարեկան ավելի քան հազար վիրահատություն է իրականացնում։

 

Դառնալով 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Թոմ Քաթինան նշել է. «Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի և եղբայրների համար: Յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի: Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա: Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին և դարձնել այն ավելի լավը»:

 

2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցում էին հումանիտար ոլորտի առաջատար ներկայացուցիչներ և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին, Էռենստո Սեդիլյոն և Վարդան Գրեգորյանը։

 

«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության հյուրերը մեծարել են նաև այս տարվա մյուս չորս հավակնորդների բացառիկ ներդրումը։ 2017 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն էին «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը (Սոմալի), «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), Սիրիայի Մադայա քաղաքի դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Փանզի հիվանդանոցի հիմնադիր, վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն։

 

Աղբյուրը՝ Mamul.am

 

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: