Նորություններ

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում

Կրթական 2017-05-26

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը և տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այցելել են Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ, որը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։ Պատվիրակության կազմում են Գերմանիայի, Լատվիայի, Խորվաթիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է. «Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում՝ ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին: ԵՄ-ն իր ծրագրերով աջակցում է նման կրթօջախներին. այս քոլեջն իր ուսումնական գործընթացը կազմակերպում է Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում շատ մեծ հաջողություն ունեցող համակարգի փորձի վրա: Շատ կարևոր է երիտասարդների ապագայի համար նրանց տալ մասնագիտական լավ որակավորում: Եվ գիտակցելով դրա կարևորությունը՝ ԵՄ-ն մշտապես աջակցություն է ցուցաբերում միջին մասնագիտական կրթության ոլոորտին, և երիտասարդությանը՝ որպես Հայաստանի ապագա: Առհասարակ, ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանի զարգացմանը: Այս երկիրն ունի սքանչելի երիտասարդություն, և ես մաղթում եմ, որպեսզի նրանք ունենան երջանիկ ապագա՝ ժողովրդավար և բարգավաճ Հայաստանում»: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ԵՄ-ն տարիներ շարունակ մեծ և անշահախնդիր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կրթական համակարգին: «Այդ օգնությունը հիմնականում դրամաշնորհների ձևով է, որոնք իրականացվում են մի շարք ուղղություններով: Այստեղ կարևոր տեղ ունի նախնական և միջին մասնագիտական կրթության ոլոորտին ցուցաբերվող աջակցությունը՝ և կրթական ծրագրերի, և ուսհաստատությունների հիմնման տեսանկյունից: Այսօր ունենք կոնկրետ ծրագիր՝ Հայաստանում ուժեղացնելու միջին մասնագիտական ուսհաստատությունները, և սա ԵՄ-ի և ՄԱԿ-ի որոշակի աջակցությամբ իրականացվող այն հեռանկարային և իսկապես կարևոր ծրագրերից մեկն է, որի միջոցով զարգանալու է մեր վաղվա աշխատաշուկան»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը: Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը տեղեկացրել է, որ ԵՄ աջակցության ծրագիրը մեկնարկել է դեռևս 2007 թվականին: Այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են քոլեջ նյութատեխնիկական բազային և զրուցել ուսանողների հետ: Դեյվիդ Մաքալիսթերը հետաքրքրվել է քոլեջի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, դուալ ուսուցման համակարգի ներդրմանը և ուսանողների առօրյային վերաբերող հարցերով: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: