Նորություններ

Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարարին

Կրթական 2017-05-25

Աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում գերմանական կողմի ցուցաբերած աջակցության և համագործակցության համար՝  նշելով, որ մեր կրթական համակարգում ներկայում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, և այդ համատեքստում մենք բարձրագույն կրթության, նաև գիտության նոր մոդելի մշակման առջև ենք կանգնած, ինչպես նաև կարևորելով Հայաստանի անդամակցությունը Հորիզոն 2020-ի գիտական ծրագրին և այդ շրջանակում համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունը:

 

Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-գերմանական գիտական հարաբերությունները ոչ միայն աստղաֆիզիկայի այլ նաև տարբեր ուղղություններով: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝  նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը: Այդ առումով Լևոն Մկրտչյանը կարևորել է գերմանական փորձի ուսումնասիրությունը:

 

Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար՝  նշելով, որ ուրախությամբ է ընդունել Հայաստան այցելելու հրավերը և շատ տպավորված է Բյուրականում անցկացվող աստղաֆիզիկայի և գեոհետազոտությունների խնդիրներին վերաբերվող գիտաժողովից: «Համաժողովն իսկապես արդյունավետ էր, մենք համոզվեցինք, թե աստղաֆիզիկայի ոլորտում որքան արդյունավետ են համագործակցում մեր երկու երկրների, կրթական, գիտական հաստատությունները: Համաժողովի արդյունքում պայմանավորվեցինք ամրապնդել և զարգացնել հետագա համագործակցությունը՝  մասնավորապես նպաստելով ուսանողների փոխանակումներին, կրթաթոշակների տրամադրմանը, գիտական շփումներին, այդ հարցում ակտիվացնելով Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD ջանքերը»,-նշել է տիկին Մյունխին:

 

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

 

Աղբյուրը՝ Edu.am

 


 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: