Նորություններ

«Կանք, կլինենք»

Կրթական 2017-05-23

Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի համար մայիսը փառահեղ հաղթանակների, վերածնման ու զարթոնքի ամիս է: Հաղթանակած ժողովրդի մատաղ սերունդն էր խոսում, պատմում հայի մասին՝ բացահայտելով հայի էությունը, բնույթը, ուժի, կամքի և հարատևման առեղծվածը: Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի IIIբ դասարանի աշակերտները «Կանք, կլինենք» ցերեկույթի ընթացքում ներկայացրին մեր հայրենիքը՝ քարերի երկիր Հայաստանը, հայ ժողովրդի անցած ուղին՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը՝ շեշտադրելով այն սրբություն-հենասյունները՝ լեզու, զինվոր, մայր, հայրենիք, որոնց շնորհիվ կանք մենք: Լեզվի կարևորությունը շեշտադրվեց պատումի միջոցով: Աշակերտները պատմում էին ստվարաթղթե այբուբենի հրաշքի մասին: Տասնմեկերորդ կարմիր բանակը մտնում էր Հայաստան։ ճանապարհն երկար էր, դժվարին, իսկ գնալ հարկավոր էր, մոտեցող հեռվում մեռնում էր Հայաստան աշխարհը: Եվ հանկարծ բքի և հոգնածության այդ պահին մի զինվոր բարձրացնում է ձեռքը՝ մատների մեջ պահած ստվարաթղթե տառը: Տառը մեծ էր, մուգ կապույտ ներկած ու լավ երևում էր, բայց, ցավոք, միայն երկու-երեք հոգի են ճանաչում տառը: Եվ այդ երկու-երեք հոգին ամբողջ ճանապարհի ընթացում մյուսներին սովորեցնում են հայոց այբուբենը: Այսպես նրանք մտնում են Հայաստան՝ հրացանը ձեռքներին, մեսրոպյան այբուբենը սովորելով և երեսուն հազար քառակուսի կիլոմետր քարի, ձորի, տեղ-տեղ նաև հողի վրա հաստատում են իրենց ժողովրդի շարունակվելու իրավունքը: Հաղթանակը հայի գենի մեջ է. սա ևս հաստատեցին աշակերտները՝ վկայակոչելով քառօրյա հերոսներին: Ասում են՝ հերոսները չեն մեռնում, նրանք հանկարծ հեռանում են մեզանից: Հերոսները ծնվում են, բայց երբեք չեն մեռնում, քանզի անմահ են նրանք: Եվ որպես պատգամ հավելեցին. «Երանի թե հերոսները լինեն մեր կողքին և ոչ թե անմահ»: Հայ ազգը հեոսներ է ծնում: Այո՛, անվիճելի փաստ է: Իսկ հերոսներ ծնում են հայ մայրերը: Աշակերտները մեջբերեցին մեծն Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի փրկությունը» : Մոր կերպարը ամբողջացրեց Վ. Պետրոսյան «Հայկական էսքիզներ» վիպակի հերոսուհու՝ Սոնա մորաքրոջ մասին պատումը: Սոնա մորաքրոջ տղան՝ Վարդանը ռազմի դաշտում էր: Հերթական նամակներից մեկի ժամանակ Վարդանը պատմում է, որ ոտքերը մի փոքր ցրտահարվել են: Դա լսելուց հետո Սոնա մորաքույրը քանդում է իր ներքնակը (որի բուրդը շատ լավն էր, Ապարանից էր առել երեսունվեց թվին) և Վարդանի համար բրդե գուլպաներ է գործում: Բայց այդպես էլ չի կարողանում գուլպաները տղային ուղարկել, քանի որ Վարդանն անհայտ կորում է: Սակայն մոր սիրտը չի հանդարտվում, և Սոնա մորաքույրն սկսում է բրդե գուլպաներով ծանրոցներ ուղարկել ռազմաճակատ՝ անհայտ, անծանոթ հասցեներով՝ ասելով. «Մեկ էլ, Աստված մեծ է, Վարդանիս կհասնի» : Եվ պատերազմի մնացած տարիներին Սոնա մորաքույրը, քանդելով իր բոլոր ներքնակները, (բացի Վարդանի ներքնակից), գուլպաներ է գործում ու ռազմի դաշտ ուղարկում կռիվ գնացած զինվորների համար, որոնցից միայն մեկն էր իր որդին: Ցերեկույթի ամբողջ ընթացքում անընդհատ շեշտադրվում էր այն, որ հայը կա, կլինի և հարատևելու է հավերժ: Եվ այս կոչ-պատգամը մեկ անգամ ևս ավելի ամբողջական և ավարտուն է դառնում, նաև հնչում որպես ուղերձ հանդիսատեսին «Քիչ ենք, բայց հայ ենք» երգի կատարմամբ:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: