Նորություններ

Իթվինինգ ծրագրի 5-ամյակը Հայաստանում

Կրթական 2017-05-20

2017 թ. մայիսի 16-ից 17-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում անցկացվեց երկօրյա համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Համաժողովին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցեց նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի Իթվինինգի թիմը՝ տնօրեն Հ. Խումարյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Լ. Քառյանը և ԷՀՄ օպերատոր Լ. Կարապետյանը: Համաժողովի ընթացքում ներկայացվեց 2013-2017թթ. ծրագրի ընթացքը, «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը, ինչպես նաև նախանշվեց հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Համաժողովի ընթացքում Հ. Խումարյանը հանդես եկավ «Իթվինինգը մեր դպրոցում» թեմայի շուրջ ելույթով՝ կիսվելով իր փորձով, խոսելով ծրագրի ընձեռած հնարավորությունների և ծրագրի շրջանակներում դպրոցի հետագա պլանների մասին: Իսկ Լ. Կարապետյանը ներկայացրեց 2016 թ. Ազգային մրցանակաբաշխության ժամանակ 2-րդ մրցանակի արժանացած «Իմ ոտնահետքը կարևոր է» նախագիծը: Նախարարը շնորհակալագրեր հանձնեց մի շարք դպրոցների, այդ թվում՝ Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցին՝ Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար: Սիրով շնորհավորում ենք մեր դպրոցի թիմին և մաղթում նորանոր հաջողություններ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: