Նորություններ

Ամփոփվել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադայի արդյունքները

Կրթական 2017-05-19

Տեղի է ունեցել 2016-2017 ուումնական տարվա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների առարկայական օլիմպիադան: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի թիմերը:

 

Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտադպրոցական կրթության վարչության պետ Ա. Պետրոսյանը: Նա կարևորել է դպրոցականների մասնակցությունը նման միջոցառումներին`  ընդգծելով, որ հաղթանակից առավել կարևոր է մասնակցությունը, քանի որ, ըստ Ա. Պետրոսյանի, նման մրցումների ժամանակ մասնակիցները ձեռք են բերում նորանոր գիտելիքներ և լավ ընկերներ:

 

Օլիմպիադայի պաշտոնական բացումն իրականացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Վերջինս շնորհավորել է օլիմպիադայի բոլոր մասնակիցներին`  նրանց մաղթելով հաջողություն: Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորել է դպրոցական թիմերի մասնակցությունը նման միջոցառումներին`  առաջնային համարելով հայրենիքի պաշտպանությունն ու զինվորականի անբասիր կերպարը:  

 

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվել է 7 մրցաձևերից`  թեստային առաջադրանքներ, հրաձգություն, ինքնաձիգի ոչ լրիվ քանդում հավաքում, կրոսավազք (տղաները`  1000 մետր, աղջիկները`  500 մետր), նռնակի նետում, ձգումներ պտտաձողի վրա (տղաներ), հենում պառկած դիրքում հրումներ (աղջիկներ), շարային պատրաստություն: 2016-2017 ուսումնական տարվա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի օլիմպիադային առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են Արցախի, Լոռու և Տավուշի մարզերի թիմերը: 

 


Օլիմպիադայի թեստային առաջադրանքներից լավագույն մասնակիցներ են ճանաչվել Հասմիկ Սուրենի Հակոբյանը (Արցախ) և Էմմա Արմենի Մարկոսյանը (Կոտայք)`  արժանանալով 1-ին մրցանակի: 2-րդ տեղն են զբաղեցրել Գուրգեն Ռոբերտի Ղումաշյանը (Լոռի), Տիգրան Ժիրայրի Հայրիյանը (Արցախ), 3-րդ տեղը`  Արամ Էռնեստի Գրիգորյանը (Արցախ), Քրիստինե Գեղամի Պետրոսյանը (Շիրակ): 


Ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում մրցաձևում հաղթողներ են ճանաչվել Արմեն Էդիկի Սարգսյանը (Արցախ), հրաձգություն մրցաձևում`  Մերուժան Հարությունի Ծերունյանը (Լոռի), նռնակի նետում նշանակետին մրցաձևում`  Համլետ Վալերիկի Հախվերդյանը (Կոտայք):

 

Աղբյուրը՝ Edu.am        

                                                                                   


 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: