Նորություններ

«Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում

Ուշագրավ 2017-05-17

Մայիսի 9-ից 14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

 

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել հայ և ճապոնացի անվանի նկարիչների ցուցահանդեսներ, հայկական երաժշտության երեկո, հայկական ու ճապոնական ավանդական երաժշտական գործիքների կատարումներով համեմված համերգներ, դասախոսություններ, մշակութային այլ միջոցառումներ: Ներկայացվել է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Արարատը հայի աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որն արդեն ցուցադրվել էր Հայաստանում և Արցախում:

 

Ցուցադրվել են նաև հայտնի արվեստի գործիչներ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի, Սրբուհի Աբաջյանի, Դեյնա Վոլրաֆի, Ժանսեմի, Ճապոնիայի նկարիչների ընկերության անդամների աշխատանքները:

 

Մայիսի 10-ին տեղի է ունեցել «Հայաստանի յուրօրինակ արտադրանքը» խորագրով դասախոսությունը, ինչպես նաև «Հայկական երաժշտության երեկո» երաժշտական միջոցառումը, որին մասնակցել են նաև «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբան, Հայաստանից ժամանած քանոնահար Մերի Մուսինյանը, հանրահայտ սոպրանո Արաքս Մանսուրյանը:

 

Մայիսի 12-ին տեղի է ունեցել «Հայկական ասեղնագործություն» խորագրով սեմինար, ինչպես նաև «Քանոն+կոտո» համերգ, որին հայկական և ճապոնական երաժշտական կատարումներով հանդես են եկել քանոնահար Մերի Մուսինյանը և կոտոիստ Ջունկո Իշիվատան: Միջոցառմանը ներկա են եղել մեծ թվով հանդիսատեսներ՝ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, երաժշտասերներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Մայիսի 13-ին տեղի է ունեցել «Հայկական գինիներ» միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ճաշակելու հայկական արտադրության տարատեսակ գինիներ և հայկական խորտիկներ: 

 

Աղբյուրը՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: