Նորություններ

Հրաժեշտ կրտսեր դպրոցին

Կրթական 2017-05-16

Հերթական անգամ հուզմունքի ու հպարտության, ուրախության ու տխրության, բերկրանքի ու թախիծի գունագեղ զգացողություններով էր պարուրված Զովաբերի միջնակարգ դպրոցի դահլիճը: Դասվար Ա. Մելքոնյանն իր հերթական սերունդն էր ճանապարհում միջին դպրոց՝ ներկայանալով հաշվետու համերգ-ցերեկույթով: Միջոցառման սկզբում նա իր շնորհակալական խոսքն հղեց դպրոցի տնօրինությանը, ծնողական կոմիտեին՝ իրեն այս չորս տարիների ընթացքում մշտապես սատարելու, ամեն հարցում աջակցելու համար: Այնուհետև ուսուցչուհին շնորհավորեց իր սիրելի սաներին՝ կրտսեր դպրոցն ավարտելու կապակցությամբ և ազդարարեց միջոցառման սկիզբը: Ամբողջ ցերեկույթը համեմված էր գեղեցիկ երգ ու պարով: Աշակերտները հիշեցին իրենց դպրոցական տարիները՝ սկսած ուսումնառության առաջին օրվանից մինչև այսօր: Դասարանն իր մեծարանքի խոսքերն հղեց դպրոցին, կրթությանը, ափսոսանքով արտահայտվելով անցած-գնացած անհոգ չորս տարիների մասին: Երեխաները շնորհակալական խոսքեր հղեցին իրենց դասղեկին և մյուս ուսուցիչներին, խոստանալով բարձր պահել դպրոցի, դասարանի պատիվը նաև այսուհետ: Չորրորդցիները խոստացան նաև նախ և առաջ մա՛րդ լինել, մա՛րդ մնալ՝ մարդ բառի խոր իմաստով: Ամբողջ միջոցառումն համեմված էր գեղեցիկ հայկական-ժողովրդական պարերով, վրացական լեզգինկայով, տարատեսակ նազ-պարերով: Չինական ասացվածքն ասում է. Ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլերից: Զովաբերի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանն իր առաջին քայլերն արդեն արել է: Դրանում համոզվեցին և՛ ծնողները, և՛ միջոցառման ներկա մյուս ուսուցիչներն ու հյուրերը: Ցերեկույթի վերջում այդ մասին նշեց, միաժամանակ դասվարին շնորհավորական խոսքով ողջունեց դպրոցի տնօրեն Զ. Հովհաննիսյանը:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: