Նորություններ

Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի համար վճարեց 27,5 միլիոն եվրո

Սպորտ 2013-07-09

Դորտմունդի «Բորուսիան», ձեռք բերելով Մխիթարյանին, վճարել է տրանսֆերների համար նախատեսված բյուջեի կեսից ավելին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Դորտմունդյան ակումբն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին («Վերդերից»), հարձակվող՝ Պիեր Էմերին Օբամեյանգին («Սենտ Էտյենից»), իսկ մոտ օրերս թիմը համալրելու է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն հաջողությամբ անցել է բուժզննումը Դորտմունդում։
 
«Ռուրյան» թիմը և Հենրիխ Մխիթարյանն արդեն սկզբունքային համաձայնության են եկել պայմանագրի ֆինանսական հարցերում, որը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։
 
Միաժամանակ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Շախտյորը» Մխիթարյանի դիմաց 25 միլիոն եվրո է ստացել, մինչդեռ «հանքափորները» պաշտոնապես տեղեկացրել են հայ ռմբարկուի տրանսֆերի դիմաց 27,5 միլիոն եվրո ստանալու պայմանավորվածության մասին:
 
Դա նշանակում է, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: Բրազիլացի հարձակվող Մարսիո Ամորոսոն 2001 թվականին «Պարմայից» «Բորուսիա» էր տեղափոխվել 50 միլիոն գերմանական մարկի դիմաց, որը հավասար է 25 միլիոն եվրոյի: 
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: