Նորություններ

Կայացավ Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադայի մրցանակաբաշխության արարողությունը

Ուշագրավ 2017-05-11

Ս.թ. մայիսի 10-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Լեզվաբանության և տրամաբանության հայկական առաջին օլիմպիադայի մրցանակաբաշխության արարողությունը: Աշակերտների լեզվամտածողության և տրամաբանության զարգացմանը նպատակաուղղված օլիմպիադայի տեղեկատվական աջակից Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը հանդես եկավ մրցանակաբաշխության արարողության բացման խոսքով՝ կարևորելով այն, որ հենց այսօրվա խելացի, տրամաբանող և մրցունակ գիտելիքներով զինված աշակերտներն են մեր երկրի ապագա կիրթ և լայնախոհ քաղաքացիները:
Իր խոսքում Սուրեն Ալոյանը անդրադարձավ Dasaran կրթական ծրագրի ընդգրկուն և բազմաճյուղ գործունեությանը, Dasaran-ի կողմից մշակված նորարարական մեխանիզմներին և էլեկտրոնային գործիքներին՝ ուղղված ուսուցումը առավել պարզ և հետաքրքիր դարձնելուն: 
 
Օլիմպիադայի շրջանակում պատվոգրեր և մրցանակներ հանձնվեցին հանրապետական փուլում հաղթած Երևանի և մարզերի ավագ, ինչպես նաև միջին դպրոցները ներկայացնող 12 աշակերտների: 
 
Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադայի հաղթող ճանաչվեց Բարսեղ Աթանյանը Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցից: Եվս ութ աշակերտ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Հրազդանից, Վեդիից ու Մասիսից, արժանացան երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, ինչպես նաև՝  հատուկ մրցանակների լավագույն լուծումների համար:
 
Առաջին 4 տեղերը զբաղեցրած աշակերտները իրավունք ստացան մասնակցելու Իռլանդիայում կայանալիք միջազգային փուլին, որին այս տարի հայտագրվել է 30 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Իսրայելը և մի շարք այլ երկրներ:
 
Նշենք, որ Լեզվաբանության և տրամաբանության հայկական օլիմպիադան  Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ և ստացել Լեզվաբանության  միջազգային օլիմպիադայի լիիրավ անդամակցության իրավունք: Հայաստանյան փուլը նախաձեռնել են օլիմպիադայի կազմկոմիտեն՝ Արտյոմ Պետրոսյանի նախագահությամբ և Երևանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: