Նորություններ

Օտար երկիրը երբեք հայրենիք չի դառնա

Կրթական 2017-05-05

Գավառի Ս.Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի 5-րդ «ա» դասարանում մայիսի 2-ին անցկացվեց միջոցառում` «Օտար երկիրը երբեք հայրենիք չի դառնա» խորագրով: Թեման, լինելով արդիական և հայկական արժեհամակարգին սպառնացող, իսկապես մտորելու տեղիք է տալիս: Հայաստանից հեռանում է այն հայը, որը 5 հազար տարի կառչած է եղել իր հողին: Երկիրը լքում է մի ժողովուրդ, որը փյունիկի պես հարություն է առել ու քայլել քաղաքակիրթ ազգերի կողքին և հասել 21-րդ դար` կերտելով իր անկախ պետականությունը: Հեռանալ երկրից նշանակում է անկատար թողնել մեր պապերի, քսան գարուններ չբոլորած, ապրիլյան պատերազմում սրբացած զինավառ եղբայրների վեհագույն նպատակը: Դժվար է մեր ուղին, բայց նպատակը վեհ է, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթական է: Այդ վեհագույն նպատակին էլ միտված՝ աշակերտները հանդես եկան հայրենասիրական երգերով, բանաստեղծություններով և դերային խաղով, որը մի փոքրիկ տղայի մասին էր, ով, չցանկանալով հեռանալ հայրենիքից, ծնողների հետ ապաստանել էր մի օտար երկրում` չհամակերպվելով իրեն ոչ հարազատ միջավայրին: Խորթ ու անհարազատ երկրին չհարմարվելը, հայրենիքի կարոտն ու կանչը, տղայի տխուր ու թախծոտ հոգեվիճակը ստիպեցին ընտանիքին վերադառնալ հայրենիք` գիտակցելով, որ օտար երկիրը երբեք հայրենիք չի դառնա: Ինչպես մեծն Սևակն է ասում. «Օտարության մեջ ազատ լինելն էլ ա՛յլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատություն»: Պատմության ուսուցիչ Մարինե Հայթյան

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: