Նորություններ

Գյումրիի «Շիրակը» մրցելու է Սան Մարինոյի չեմպիոնի հետ

Սպորտ 2013-06-26

2013/14թթ. Եվրագավաթների խաղարկություններում Գյումրիի «Շիրակը» մրցելու է Սան Մարինոյի չեմպիոնի` «Տրե Պենեի» հետ: Այս ակումբում հանդես են գալիս ոչ պրոֆեսիոնալ խաղացողներ:
Պատմությունը
 
Սան Մարինոյի համանուն մայրաքաղաքը ներկայացնող այս ակումբը հիմնադրվել է 1956 թվականին: Չնայած իր ոչ երիտասարդ տարիքին, «Տրե Պենեն» Սան Մարինոյում առաջին անգամ չեմպիոն է հռչակվել միայն 2011/12թթ. մրցաշրջանում, իսկ հաջորդ տարի կարողացել է պահպանել չեմպիոնի կոչումը` իրավունք ստանալով մասնակցել Չեմպիոնների լիգայի 2013/14թթ. խաղարկությանը:
 
«Տրե Պենեն» 4-րդ անգամ անընդմեջ է մասնակցում Եվրագավաթների խաղարկությանը: Նախորդ 3 դեպքերում էլ՝ Սան Մարինոյի ներկայացուցիչները խիստ անհաջող են հանդես եկել` պարտվելով անցկացրած բոլոր 6 հանդիպումներում (գնդակների տարբերությունը` 4:33): 6 խաղերից 5-ում՝ «Տրե Պենեն» զիջել է խոշոր հաշիվներով, իսկ երբեմն գրանցվել են ոչ ֆուտբոլային հաշիվներ:
 
Կազմը
 
«Տրե Պենեում» հանդես են գալիս հիմնականում տեղացի ֆուտբոլիստներ և Իտալիայի քաղաքացիներ: Թիմի կազմում է ընդգրկված նաև ռուս ֆուտբոլիստ Վլադիմիր Միխայլովսկին: 24-ամյա պաշտպանը 4 մրցաշրջան է անցկացրել իր ներկայիս թիմում, իսկ նախկինում ելույթ է ունեցել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի թիմերում: «Տրե Պենեի» լավագույն ռմբարկուն՝ 25- ամյա կիսապաշտպան Էնրիկե Ցիբելին է, ով նաև Սան Մարինոյի հավաքականի անդամ է:

«Տրե Պենեի» կազմում հանդես եկող խաղացողներից շատերը, վերջին տարիներին, պարբերաբար ելույթ են ունեցել Սան Մարինոյի հավաքականում, սակայն ներկայումս գաճաճ պետության ազգային թիմում հիմնականում խաղում են իտալական թիմերում հանդես եկող սանմարինացիներ:

Մարզիչը
 
«Տրե Պենեն» մարզում է 35-ամյա Մորիս Տամբուրինին: Վերջինս ակումբի նախկին խաղացողներից է:
 
Մարզադաշտը
 
«Տրե Պենեն» մրցակիցներին ընդունում է «Ֆոնտե դելլ Օվո» մարզադաշտում, որը տեղավորում է ընդամենը 600 հանդիսական: Առաջին հայացքից, այն մարզումային խաղադաշտի տպավորություն է թողնում:

Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: